Home / Տեսանյութեր / Ցուցարարները ոստիկաններին թույլ չեն տվել անջատել բարձրախոսը (թարմացված)

Ցուցարարները ոստիկաններին թույլ չեն տվել անջատել բարձրախոսը (թարմացված)

22։10 Բաղրամյան պողոտայում տասնյակ քաղաքացիներ աշխատանքային քննարկում են անցկացրել՝ խոսելով հետագա անելիքների մասին: Մանրամասները՝ այստեղ:

21.27 Այս պահին Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան֊Իսահակյան խաչմերուկի մոտ տեղադրված բարձրախոսը միացրած է, երաժշտություն է հնչում։ Ելույթներ առայժմ չկան։

20:57 Ոստիկանները վերադարձել են բարիկադների հետև։ Ջրցան մեքենայի լույսերն անջատել են։ 

Այժմ Բաղրամյան պողոտայում բարձրախոսները միացած են, երաժշտություն է հնչում։ 

20.41 Ոստիկանների մի մասն անցել է բարիկադների մյուս կողմը՝ ցուցարարների մոտ։

Ոստիկանները միացրել են ջրցան մեքենայի լույսերը։

Մարդիկ վանկարկում են՝ «Հեռացե՛ք», «Դո՛ւրս», «Չենք վախում»։ 

20․21 Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ցուցարարներին արգելվում է միացնել դինամիկները։ «Հակառակ դեպքում ես ձեզ զգուշացնելուց հետո․․․»,- ասել է Օսիպյանն ու, միտքը չավարտելով, ավելացրել, որ ցուցարարները կարող են օգտագործել միայն ձեռքի տակ եղած բարձրախոսները։ 

Մի տարեց տղամարդ Օսիպյանին հորդորել է իրենց հետ «ստրուկի պես» չխոսել։ «Ես ձեր տարիքի չափ աշխատանքային ստաժ ունեմ էս երկրում», ֊ ասել է տղամարդը:

«Ձեզ երկու հատ զիբիլի վեդրո՞ն ա հետաքրքիր, թե՞ մեր երեխեքը։ Ինչո՞ւ եք մեր երեխեքին ծեծել։ Գնացեք, Սուրիկի տղուն (նկատի ունի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին – խմբ․) բռնեք»,- ասել է մեկ այլ տղամարդ, իսկ ցուցարարներից մեկն էլ պատասխանել է․ «Սուրիկը իրան ընտրում ա, ինչի՞ պիտի բռնի»։

20:01 էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող երկու քաղաքացիներ՝ Հարություն Հարությունյանը և Հայկ Բարիկյանը, քիչ առաջ հացադուլ են հայտարարել Բաղրամյան պողոտայում։ Նրանք տեղավորվել են Բաղրամյան պողոտայի և Իսահակյան փողոցի խաչմերուկում՝ Թաիլանդի հյուպատոսարանի շենքի մոտ։

Հացադուլավորներին է մոտեցել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և հետաքրքրվել հացադուլի պատճառների մասին։ Ցուցարարներից մեկը նրանց խորհուրդ է տվել հարցերին չպատասխանել, որպեսզի էներգիան խնայեն, բայց քաղաքացիները, նշելով, որ դեռ ուժ ունեն, խոսել են Օսիպյանի հետ։

«Հացադուլը պայմանավորված է [էլէներգիայի սակագնի բարձրացման մասին] օրենքի չեղարկման հետ», ֊ ասել է Բարիկյանը։

Օսիպյանի «հենց այստե՞ղ» հարցին հացադուլավորները պատասխանել են, որ վերջին օրերին եղել են Բաղրամյան պողոտայում և հենց այնտեղ էլ որոշել են հացադուլ անել։ Ինչ վերաբերում է ժամկետին, ապա, նրանց խոսքով, հացադուլ կանեն այնքան ժամանակ, մինչև թանկացման մասին որոշումը չեղարկվի։