Home / Տեսանյութեր / «Սակագինը կլինի 30-35 դրամ»․ Բագրատյանը էներգետիկ ոլորտի բարեփոխում է առաջարկում

«Սակագինը կլինի 30-35 դրամ»․ Բագրատյանը էներգետիկ ոլորտի բարեփոխում է առաջարկում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ողջունել է Էլէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նստացույցը և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում առաջարկել է բարեփոխել Հայաստանի էներգետիկ ոլորտը։

«Ստորև հակիրճ ներկայացնում եմ էլեկտրաէներգետիկ հատվածում բարեփոխումների քայլերը, որոնք իրականացնելու համար ընդամենը մի 15 օրվա աշխատանք է պետք։

1. ՀԾԿՀ 2015թ հունիսի 17-ի որոշումը էլեկտրաէներգիայի նոր սակագների մասով չեղարկվում է։

2. Օրենքով ստեղծվում է էներգետիկ շուկա հետևյալ մասնակիցներով. արտադրողներ (գեներացնող հզորությունների՝ ԱԷԿ, ՀԷԿ-երի, Ջէկ-երի ներկայացուցիչներ), տեղափոխողներ (բարձրավոլտ գծերի ներկայացուցիչներ և մանրածախ վաճառողներ (ՀԷՑ), Կառավարության (էներգոնախ), ՀՀ ԿԲ, ՀԾԿՀ ներկայացուցիչներ։

3. Էներգետիկ շուկայի մասնակիցների միջև պարբերաբար (սկզբնական շրջանում ամեն օր, իսկ ապա ամեն շաբաթ, ի վերջո առնվազն ամեն ամիս) տեղի են ունենում գեներացված էլեկտրաէներգիայի մեծածախ գնի սակարկություններ՝ ՀԷՑ-ի (ՀԷՑ-երի) պահանջարկի հայտի հիման վրա։ Որոշումներն ընդունվում են ներկայացուցչական քվեարկությամբ։ Էներգետիկ շուկայի նիստերը նախագահում են հերթով բոլոր մասնակիցները։

4. ՀԾԿՀ-ն հետայսու դադարեցնում է էլեկտրաէներգիայի սակագին հաստատելու պրակտիկան։

5. ՀԾԿՀ-ի իրավասության տակ է միայն բարձրավոլտ գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման սակագինը հաստատելը։ Այս սակագնից հետո ձևավորվում է էլեկտրաէներգիայի մեծածախ գինը՝ «գեներացված էլեկտրաէներգիայի մեծածախ գին + բարձրավոլտ գծերով էլեկտրաէներգիայի տեղափոխման սակագին»։

6. ՀԾԿՀ-ն, ելնելով էլեկտրաէներգիայի մեծածախ գնից, շուկայի ներկայացուցիչների հավանությանն է ներկայացնում մարժայի (սպրեդի) չափը (տոկոսներով էլեկտրաէներգիայի մեծածախ գնի նկատմամբ)։ Այն կարող է լինել տարբերակված՝ ըստ սպառման ժամանակի (ցերեկ, գիշեր) և ծավալի (ամսեկան մինչև 100 կիլովատ, 100-300, 300-1000 և այլն)։

7. Մարժան սահմանելուց հետո ձևավորվում է էլեկտրաէներգիայի մանրածախ գինը՝ շուկայական։ Այն կարող է փոփոխվել (բարձրանալ և իջնել) ըստ ամիսների։

8. ՀԷՑ-ը (անկախ, թե ով է սեփականատերը) բաժանվում է առնվազն 2 (երկու) ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող ձեռնարկությունների (օրինակ, առանձին Երևանը և մնացած հանրապետությունը)։

9. Եթե վերը նշված 8 կետերի կատարումն ավելի երկար ժամանակ պահանջի, ապա ժամանակավորապես, օրինակ, օգոստոսի 1-ից, բայց ոչ ավել քան մինչև հոկտեմբերի 1-ը, ՀԷՑ-ը թող ինքը սակագին հաստատի և աշխատի։

Արեք այս ամենը և կստանաք 30-35 դրամ սակագին, իսկ դրա տարեկան բարձրացումը 3-5%-ից ավել չի լինի»։

Նշենք, որ հունիսի 17-ին ՀԾԿՀ֊ որոշում կայացրեց Էլէներգիայի 1 կիլովատը թանկացնել 6.93 դրամով, այժմ ցերեկային սակագինը կազմում է 48.78 դրամ։