Home / Հայաստան / Բաղրամյանում առաջարկել են բարիկադները մեկ քայլ առաջ տանել

Բաղրամյանում առաջարկել են բարիկադները մեկ քայլ առաջ տանել

Բաղրամյան պողոտայում էլէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցների մի մասը պատրաստ է իրականացնել «Մեկ քայլ առաջ» բողոքի ակցիան։ Ակցիայի առաջարկն այսօր Բաղրամյան պողոտայի բարիկադներից արել է նստացույցի ակտիվ մասնակից Դավիթ Սանասարյանը։ Վերջինս ասել է, որ եթե իշխանությունները չկատարեն Բաղրամյան պողոտայում էլէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցների պահանջներից որևէ մեկը, ապա երկուշաբթի 21։00֊ին իրենք մեկ քայլ առաջ են տանում բարիկադները։ Պահանջների չկատարման դեպքում, նույն գործողությունն իրենք պատրաստ են կրկնել ամեն օր։

Այս առաջարկը ծափերով ողջունել են բարիկադների մոտ՝ առաջին շարքերում կանգնած ցուցարարները։ Նստացույցի մանսակիցների մի մասը, ովքեր բարիկադներից հեռու էին կանգնած, հնարավորություն չունեին լսել Սանասարյանին, քանի որ վերջինիս ձայնն անգամ խոսափողով իրենց չէր հասնում։ Այնուամենայնիվ, հայտարարությունից անմիջապես հետո ակցիայի գաղափարին լուրջ առարկողներ չկային։

Դավիթ Սանասարյանը հիշեցրել է, որ երեք պահանջներն են՝ չեղակրել էլէներգիայի սակագնի բարձրացումը, դեպի նվազում վերանայել նախկին սակագինը և պատժել ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին բռնություն են գործադրել խաղաղ ցուցարարների և լրագրողների հանդեպ։

Իր խոսքում Սանասարյանը կոչ է արել Հայատսանում գործշող քաղաքական կուսակցություններին և քաղաքացիական խմբերին կանգնել նստացույցի մասնակցիների կողքին։