Home / Տեսանյութեր / Բաղրամյանում կողմ են գործող Սահմանադրությանը, դեմ են պարտքով զենք առնելուն

Բաղրամյանում կողմ են գործող Սահմանադրությանը, դեմ են պարտքով զենք առնելուն

Երեկ՝ հուլիսի 5-ին, Բաղրամյան պողոտայի նստացույցի մասնակիցները նշել են Սահմանադրության օրը: Օրվա տարբեր ժամերին նրանք կազմակերպել են Սահմանադրության ընթերցումներ՝ նշելով, որ այդպիսով ցանկանում են թե ավելի լավ տեղեկանալ իրենց իրավունքների մասին, թե դրանց մասին այլոց տեղեկացնել:

Բաղրամյան պողոտայի բարիկադների վրա «Ոչ թալանին», «Դեմ ենք հոսանքի թանկացմանը» գրառումների կողքին երեկ ավելացվել էին նաև մեջբերումներ Սահմանադրության առանձին հոդվածներից, ինչպես նաև Սահմանադրությունը չփոփոխելու մասին կոչեր․ «Մեր միակ առաջնորդը Սահմանադրությունն է», «Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», «Հոդված 2․ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», «Հոդված 14. Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից», «Դեմ ենք սահմանադրական բարեփոխումներին»:

Նշենք, որ սահմանդրական փոփոխությունները նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Փոփոխությունների համաձայն, Հայաստանը պետք է անցնի կառավարման խորհրդարանական համակարգի։

Նստացույցի մասնակիցներն անդրադարձել են նաև անցյալ շաբաթ ԱԺ-ի կողմից վավերացված որոշմանը, որով Հայաստանը Ռուսաստանից 200 մլն դոլար վարկ է վերցնելու՝ այդ երկրից ռազմական նշանակության արտադրանք գնելու համար: Նստացույցի տարածքում ավտոկայանատեղիների մասին տեղեկատվական ցուցանակի վրա փակցվել էր «Դե՛մ եմ պարտքով զենք առնելուն, պատերազմը Սեռժիկի միակ պարտիան է» գրությամբ պաստառը:

1posterweapon

Գլխավոր լուսանկարը՝ Հելենա Մելքոնյան օգտատիրոջ ֆեյսբուքյան էջից