Home / Հայաստան / Էլէներգիայի թանկացման դեմ պայքարը շարունակվում է Ազատության հրապարակում

Էլէներգիայի թանկացման դեմ պայքարը շարունակվում է Ազատության հրապարակում

Հուլիսի 6-ին, ժամը 19։00֊ից Ազատության հրապարակում հավաքվել են էլէներգիայի թանկացման դեմ պայքարողները, որոնց նստացույցը ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից ցրել էր կեսօրից հետո։

Մի քանի ելույթներից հետո նստացույցի մասնակից, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ հացադուլ է սկսում, և այդ քայլով կոչ է անում մարդկանց գալ հրապարակ և միանալ իրենց պայքարին։

Երկար ժամանակ մարդիկ փոքր խմբերով քննարկումներ են անցկացրել՝ չկարողանալով որոշել անելիքը․ դեպի Բաղրամյան երթ անցկացնելու առաջարկն անիրականանալի է թվացել, քանի որ ոստիկանները հայտարարել են, թե թույլ չեն տա երթ անցկացնել, ու բավական հնարավորություններ ու ուժեր ունեն մարդկանց ընթացքը կանխելու համար։

Ազատության հրապարակի շրջակայքում և Բաղրամյան պողոտայում բազմաթիվ ոստիկանական մեքենաներ, հարյուրավոր ոստիկաններ էին հավաքված։

Վերջիվերջո, քննարկողները որոշել են մի խումբ ցուցարարների թողնել գիշերելու Ազատության հրապարակում, ովքեր կշարունակեն հետագա քայլերի քննարկումները։ Բացի դա, նրանք որոշել են հինգշաբթի 19։00-ին Ազատության հրապարակում հանրահավաք հրավիրել։

Այնուհետև քաղաքացիների մի մասը` քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի գլխավորությամբ, փորձել են երթ անցկացնել՝ պնդելով, որ իրենք 100 հոգուց պակաս են և խաղաղ մտադրություններ ունեն։ Ոստիկանները, սակայն, թույլ չեն տվել դա անել, չնայած կողմերը մոտ 40 րոպե վիճաբանել են։

Անդրեաս Ղուկասյանը հայտարարել է, որ ոստիկանությունն օրենք է խախտում և իրենք ոստիկանների որոշումը վիճարկելու են դատարանում ու դեպքի վայր են հրավիրելու Մարդու իրավունքերի պաշտպանին, ում խնդրելու են գնահատական տալ տեղի ունեցածին։

Ղուկասյանը հայտարարել է, որ ցուցարարները պատրաստակամ են իրենց պայքարը շարունակել ու իրացնել խաղաղ ցույց անցկացնելու իրավունքը։ Նա նաև կոչ է արել քաղաքացիներին միանալ իրենց պայքարին։