Գլխավոր / Հայաստան / Բնապահպանները կոչ են անում քրեական գործ հարուցել ձկնաբուծարաններին ավել ջուր տալու փաստի առթիվ

Բնապահպանները կոչ են անում քրեական գործ հարուցել ձկնաբուծարաններին ավել ջուր տալու փաստի առթիվ

«Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը (ՀԲՃ) հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ կոչ անելով քրեական գործ հարուցել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարներից 2008-2013թթ. ընթացքում սահմանվածից ավել ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման փաստի առթիվ:

Բնապահպանները նշում են, որ այդ թույլտվությունների համար պատասխանատու են բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, և դրանով էական վնաս է հասցվել արտեզյան ավազանին:

ՀԲՃ֊ն ընդգծում է, որ վերջին տասը տարիների ընթացքում Էջմիածնի և Մասիսի տարածաշրջաններում պետական թույլտվությամբ բացվել են խոշոր ձկնաբուծարաններ, որոնց գործունեության արդյունքում էապես գերազանցվել է ջրային պաշարների օգտագործման թույլատրելի սահմանը: 2013 թվականի դրությամբ Արարատյան արտեզյան ավազանից ջրառը կազմել է 55,6 խմ/վրկ կամ 1,7534 մլրդ խմ/տարի, ինչը թույլատրելի միջին տարեկան ջրաքանակը (34,7 խմ\վրկ կամ 1,0943 մլրդ խմ/տարի) գերազանցել է 1,6 անգամ, որի 64%-ը բաժին է հասել հենց ձկնաբուծարաններին:

ՀԲՃ֊ն նշում է, որ այդ ամենի արդյունքում, մասնավորապես, ջրի պահանջարկը բավարարելու նպատակով 2014 թվականին Սևանա լճից 100 մլն. խմ ծավալով լրացուցիչ ջրի բացթողում է գրանցվել, ինչը վտանգում է լճի էկոհամակարգը:

Նշենք, որ դեռևս 2013 թվականին Ազգային ժողովում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պնդել էր, որ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը ի շահ այն ժամանակվա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի է ընդունվում, ով Արարատի մարզում ձկնաբուծարաններ ունի։