Home / Տեսանյութեր / Նաիրիտցիներն աշխատավարձ կստանան տուգանքներից հրաժարվելու դեպքում

Նաիրիտցիներն աշխատավարձ կստանան տուգանքներից հրաժարվելու դեպքում

«Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցների աշխատավարձի պարտքը (18 ամիս) ամբողջությամբ կմարվի երեք օրվա ընթացքում, եթե նրանք տույժերից, տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիր ստորագրեն: Այս մասին «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների աշխատանքային խմբի հետ հանդիպմանն ասել է գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը։ Զրույցի մանրամասները Epress.am-ին ներկայացրել է «Նաիրիտի» նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:

Վերջինիս խոսքով՝ աշխատավարձի ուշացման համար աշխատանքային օրենսգրքով սահմանված տուգանքի չափերը հաշվարկելու դեպքում նաիրիտցիները մոտավորապես աշխատավարձի մայր գումարի չափ գումար կստանան՝ դատարան դիմելու դեպքում:

«Եթե մենք դիմենք դատարան, մեզ պետք է վճարեն ոչ թե 15 միլիոն դոլար, այլ 30 միլիոն: Իսկ այդքան գումար պետությունը չի կարող տալ, այդ ժամանակ «Նաիրիտն» իսկապես կսնանկանա: Մենք մինչև հիմա պայքարել ենք խուսափելով դատարան դիմելուց, ուստի մենք համաձայն ենք միայն մեր ամբողջ աշխատավարձը ստանալու պայմանի հետ: Իհարկե, դա անհատական որոշում է, ցանկացողները կարող են չստորագրել, դիմել դատարան, բայց գոնե մենք աշխատանքային խմբով համաձայն ենք տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագիր ստորագրել», – ասել է Անուշ Հարությունյանը:

Նաիրիտցիներին տուգանքներից հրաժարվելու մասին համաձայնագրերը բաժանվելու են վաղն առավոտյան: