Home / Տեսանյութեր / Գործադիրը դեռ չգիտի՝ որտեղից է գումար գտնելու էլէներգիայի թանկացումը սուբսիդավորելու համար

Գործադիրը դեռ չգիտի՝ որտեղից է գումար գտնելու էլէներգիայի թանկացումը սուբսիդավորելու համար

Հայաստանի կառավարությունում դեռևս չգիտեն, թե որտեղից են գտնելու էլէներգիայի թանկացման հետ կապված սուբսիդավորման գումարները, ինչպես նաև տեղյակ չեն թե կոնկրետ ում էլեկտրաէներգիան են սուբսիդավորելու: Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ն, որը, անդրադառնալով հունիսի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սուբսիդավորման մասին հայտարարությանը, հարցում է արել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։ Նախարար Երվանդ Զախարյանը ՀԿ֊ին ուղղված գրությամբ հայտնել է, որ այժմ դեռևս քննարկվում է այդ սուբսիդավորման աղբյուրը և շահառուների շրջանակը:

Կազմակերպությունը նշում է, որ եթե գործադիրը սուբսիդավորի բոլոր տեսակի բաժանորդներին (արդյունաբերական հիմնարկներ, կազմակերպություններ և բնակիչ-բաժանորդներ), ապա դա կարժենա ամսական շուրջ 3 միլիարդ դրամ (6 մլն ԱՄՆ դոլար), ինչը բավական մեծ գումար է: Տարեկան կտրվածքով դա կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ (74 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը ՀՀ պետական բյուջեի մոտ 3 տոկոսն է:

«Ուստի, այդ գումարը դժվար կլինի հարկերով հետ բերել, կամ հերթական վարկով ծածկել (քանի որ Հայաստանի պետական պարտքը տեղից էլ ահռելի է):

Սակայն, եթե իշխանությունները որոշեն սուբսիդավորել միայն բնակիչ-բաժանորդներին, ապա դա մեր պետության վրա կնստի ամսեկան միայն 1 միլիարդ դրամ (2 միլիոն ԱՄՆ դոլար): Բայց այդ պարագայում էլեկտրաէներգիայի համար թանկացած գնով կվճարեն արդյունաբերական հիմնարկներն ու այլ կազմակերպությունները, ինչը կհանգեցնի էական գնաճի և կնվազեցնի ազգային արտադրանքի մրցունակությունը միջազգային շուկաներում ու մասնավորապես՝ ԵՏՄ տարածքում, ուր բոլոր երկրների էլեկտրաէներգիան զգալիորեն ավելի էժան է հայկականից: Արդյունքում էլ ավելի կպակասի մեր արտահանումը դեպի ԵՏՄ երկրներ», ֊ նշում է ՀԿ֊ն:

Նշենք, որ էլէներգիայի մեկ կիլովատը 6.93 դրամով թանկանալու է օգոստոսի 1-ից։