Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ նշանակված ԱԱԾ֊ականը փորձում էր հավաքագրել լրագրողին

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ նշանակված ԱԱԾ֊ականը փորձում էր հավաքագրել լրագրողին

Այսօր ՀՀ նախագահի խոսնակի պաշտոնում Արման Սաղաթելյանի փոխարեն նշնակաված Վլադիմիր Հակոբյանն այն մարդն է, ով փորձել էր հավաքագրել լրագրող Հրայր Մանուկյանին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ինքը՝ Հրայր Մանուկյանը:

Լրագրողն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երբ ընկերներս սկզբում ինձ տեղեկացրեցին, չհավատացի, որ անգամ մեր նման երկրում նախագահ աշխատող մարդը կարող է այդ տղային նշանակել իր մամլո խոսնակ, մինչև որ չտեսա պաշտոնական հաղորդագրությունը»:

Հրայր Մանուկյանը, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցությունը Դատախազություն էին դիմել, ապա նաև դատարան՝ պահանջելով քրեական գործ հարուցել Վլադ Հակոբյանի կողմից իրեն հավաքագրելու փաստի առթիվ: Առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում ԱԱԾ աշխատակցի դեմ քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը մնացել է անփոփոխ: Այժմ լրագրողն ու կուսակցությունը դիմել են Վճռաբեկ դատարան:

Քրեական գործ չհարուցելը դատախազությունը հիմնավորել էր նրանով, որ Հրայր Մանուկյանի կատարած ձայնագրության սկավառակը չի կարող իրեղեն ապացույց դիտվել: Գործում «Ժառանգություն» կուսակցության շահերը ներկայացնող փաստաբան Հարություն Բաղդասարյանն ավելի վաղ Epress.am-ին ասել էր, որ դատախազությունը նախ պետք է քրեական գործ հարուցեր, հետո հիմնավորեր իրեղեն ապացույցների շրջանակը:

Այսօր ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի տարածած պաշտոնական հաղորդագրությունում ներկայացվում է Վլադիմիր Հակոբյանի կենսագրությունը․

«Ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երևանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր, զինվորական կոչումը՝ ավագ: 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր: 2011թ. պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2013թ. ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Ամուսնացած չէ»։