Home / Տեսանյութեր / Երևանում Թուրքիայի առաջադեմ ուժերին սոլիդարություն են հայտնել

Երևանում Թուրքիայի առաջադեմ ուժերին սոլիդարություն են հայտնել

Երեկ Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պուրակում, ակցիա է անցկացվել՝ ի համերաշխություն Թուրքիայում իսլամական ֆունդամենտալիստների և կառավարական ուժերի դեմ պայքարող քաղաքացիների։ Ակցիայի մասնակիցները քննարկել են Թուրքիայում ստեղծված իրավիճակը։

Ակցիայի մասնակիցների տեքստը․

«Սոցիալի՞զմ, թե՞ բարբարոսություն

2015 թվականի հուլիսի 20-ին թուրքական Սուրուչ քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման անդամ մահապարտ֊իսլամիստուհին ահաբեկչական գործողություն է իրականացրել, որի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել 100֊ից ավել մարդ։

Ահաբեկչության զոհերը «Երիտասարդական սոցիալիստական ասոցիացիաների ֆեդերացիայի» անդամներն էին, ինչպես նաև մի շարք այլ ձախ խմբերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ անարխիստներ, որոնք հավաքվել էին պատերազմից տուժած սիրիական Քոբանի քաղաք հումանիտար օգնություն ուղարկելու և քաղաքի վերականգնման աշխատանքներին մասնակցելու համար։

Չնայած «Իսլամական պետության» հետ Սիրիայում և Իրաքի հյուսիսում պատերազմող ձախ խմբերին վերաբերող քննադատությանը, չնայած զինված ձախ խմբավորումների գործողությունների նկատմամբ հնարավոր քննադատական գնահատականներին, մենք չենք կարող մեր սոլիդարությունը չհայտնել այն պայքարին, որը տարվում է կրոնական ֆունդամենտալիզմի դեմ ընդհանրապես և սալաֆիզմի դեմ մասնավորապես. դա պայքար է այն ռեակցիոն ուժերի դեմ, որոնք չեն խորշում մասսայական մահապատիժներ իրականացնել և մարդկանց վաճառքով զբաղվել, դա պայքար է նաև այն պետությունների դեմ, որոնք շահարկում են հարյուրավոր սպանությունները։

Ահաբեկչական գործողությունից հետո «Իսլամական պետության» հետ համագործակցող առևտրային կազմակերպությունների և սալաֆիտների մզկիթների վրա հարձակումները, փոքր և մեծ քաղաքներում կազմակերպված հանրահավաքներն ու երթերը, Ստամբուլի փողոցներում ոստիկանության և դրա մանկլավիկների հետ բախումները ցույց տվեցին, որ Թուրքիայի հասարակությունը մերժում է սալաֆիզմը և ծայրահեղ ֆունդամենտալիզմը, ինչպես նաև դժգոհ է Էրդողանի վարած քաղաքականությունից։

Պաշտոնական ԶԼՄ֊ների համաձայն, ահաբեկչությունից մի քանի օր անց Թուրքիան լայնածավալ պատերազմ է սկսել «Իսլամական պետության» դեմ։ Թուրքիայի զինված ուժերը ոչնչացրել են թուրք֊սիրիական սահմանի մյուս կողմում գտնվող ԻՊ֊ի մի քանի դիրքեր, գրավել են իսլամիստների ռազմական պահեստներից մեկը։ Այնուամենայնիվ, ձախ ԶԼՄ֊ների վկայութամբ, լայնածավալ պատերազմի մասին լուրն ակնհայտ չափազանցություն էր։

Հուլիսի 24-ին փողոցներում բախումների ժամանակ Թուրքիայի ոստիկանությունը «հակաահաբեկչական գործողության» պատրվակով 250 մարդ է ձերբակալել։ Ձերբակալվածների գերակշիռ մեծամասնությունը արմատական ձախ խմբերի և կազմակերպությունների ներկայացուցիչներ են, այդ թվում՝ 30 այլ երկրների քաղաքացիներ։

Նույն օրն առավոտյան իր բնակարանում սպանվել է Գյունայ Օզարսլանը՝ մարքսիստուհի, Մարդկանց Ճակատ (HC- Halk Cephesi) արմատական ձախ ընդհատակյա կազմակերպության անդամ։ Համաձայն պաշտոնական տվյալների, Օզարսլանը մահացել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ, չնայած, լրագրողների և փաստաբանների փոխանցմամբ, նա անզեն է եղել։

Մի շարք արմատական ձախ կազմակերպություններ հայտարարել են լիակատար մոբիլիզացիայի մասին (հուլիսի 24-ին, 20։30-ին Ստամբուլի կենտրոնում)։ Անկարայում հուլիսի 24-ին ոստիկանության հետ բախումների երկրորդ ալիք է գրանցվել։

Ստամբուլում, ինչպես նաև Թուրքիայի այլ քաղաքաներում բողոքի ակցիաների մասնակիցների հիմնական մասը կազմել են և կազմում են տարբեր ուղղությունների ձախ խմբերի և կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դա մեզ հույս է ներշնչում, որ ոստիկանության սադրած հակամարտությունը չի վերաճի անիմաստ բռնության գործողությունների և չի սահմանափակվի ֆունդամենտալիստների նկատմամբ ժողովրդական դատաստաններով։

Անհնար համարելով ազգային, ռասայական, դասակարգային, գենդերային և այլ տիպի խտրականության խնդրի լուծումն առանց հասարակության կողմից հասարակության (ինքնա)կառավարման, առանց բարիքների արտադրման և բաշխման ոլորտում հեղափոխության, առանց որոշումների ընդունման ոլորտում հեղափոխության, մենք հույս ունենք, որ Թուրքիայի առաջադեմ ուժերը պայքարի համար կկարողանան մոբիլիզացնել լայն զանգվածներին և կկարողանան խուսափել բռնության ֆետիշիզացումից և (միշտ) անիմաստ զոհերից։

Մենք մեր սոլիդարությունն ենք հայտնում ընկերուհիներին և ընկերներին, որոնք պայքարում են շփման գծում, և կոչ ենք անում հնարավորության սահմաններում օգնություն տրամադրել Թուրքիայի առաջադեմ ուժերին։

Ճնշվածներ բոլոր երկրների, միավորվե՛ք

Ո՛չ տեր, ո՛չ տիրակալ, ո՛չ ազգեր, ո՛չ սահմաններ

Գլոբալ սոլիդարություն»։