Home / Տեսանյութեր / ՀՀԿ֊ականի նման․ Թուրքիայի փոխվարչապետը խորհրդարանում լռեցնում էր կին պատգամավորին

ՀՀԿ֊ականի նման․ Թուրքիայի փոխվարչապետը խորհրդարանում լռեցնում էր կին պատգամավորին

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինջը նոր գումարման խորհրդարանի երեկ կայացած արտահերթ նիստի ժամանակ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) պատգամավոր Նուրսել Այդողանին հորդորել է «լռել որպես կին»։

«Տիկին, լռեք»,֊ ասել է Առինջը, երբ Այդողանը փորձել է պատասխանել փոխվարչապետի ելույթին։ Երբ պատգամավորը կրկին փորձել է խոսել, փոխվարչապետը պատգամավորից պահանջել է «լռել որպես կին»։

Առինջի արտահայտությունը խիստ քննադատության է արժանացել խորհրդարանի կին պատգամավորների կողմից։ Մասնավորապես, ԺԴԿ պատգամավոր Փերվին Բուլդանը նրան կոչ է արել ներողություն խնդրել Նուրսել Այդողանից ու մյուս կին պատգամավորներից։

Կին պատգամավորներից Այլին Նազլիական «Թվիթեր»֊ի իր էջում գրել է․ «Դա [Առինջի] ենթագիտակցության արտահայտությունն էր։ Առինջը պատգամավորին լռեցրել է որպես կին։ [Այդողանը] կարող էր խոսել, եթե՝ տղամարդ լիներ»։

Ավելի ուշ փոխվարչապետը «Թվիթերում» պարզաբանել է, որ իր հայտարարություններն ուղղված էին «խորհրդարանում կարգուկանոն հաստատելուն»։

Նշենք, որ 2014-ի հոկտեմբերին նման միջադեպ էր տեղի ունեցել նաև Հայաստանի խորհրդարանում։ Իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր Վարդան Այվազյանը «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին կոչ էր արել չմիջամտել իր և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի վեճին՝ ասելով, թե «կինը չպետք է խառնվի տղամարդկանց խոսակցությանը»։