Home / Տեսանյութեր / Վեճ երեխայի համար․ մայրը պնդում է՝ ամուսնու տանը ծեծում էին իրեն

Վեճ երեխայի համար․ մայրը պնդում է՝ ամուսնու տանը ծեծում էին իրեն

4 տարի առաջ կնոջը և երեխային տանից հեռացրած վանաձորցի Արկադի Գևորգյանը դատարանում պահանջում է երեխայի խնամքը հանձնել իրեն՝ պնդելով, որ կինը «նեռվայն» է։ Արկադի Գևորգյանի նախկին կինը՝ Սյուզաննա Գրիգորյանը (լուսանկարում) նույնպես դատարան է դիմել․ նա պնդում է, որ երեխան պետք է մնա իր մոտ, քանի որ մանկահասակ է, իսկ ինքը, բժշկական տեղեկանքների համաձայն, ճանաչվել է առողջ և ունակ՝ խնամելու երեխային, բացի դա, ապահովված է աշխատանքով, բնակարանով։ Նախկին ամուսինների վեճը քննում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Բորիկ Գրիգորյանի նախագահությամբ։

Սյուզաննա Գրիգորյանն ու Արկադի Գևորգյանն ամուսնացել են առանց իրար ճանաչելու՝ բարեկամներից մեկի միջնորդությամբ։ Սյուզաննայի մայրը՝ Անուշ Գրիգորյանը, Epress.am֊ի հետ զրույցում պատմել է, որ ինքը ցանկանում էր Բերդից գալ Վանաձոր՝ հարցուփորձ անել ապագա խնամիների մասին, սակայն բարեկամուհին վստահեցրել է, որ «լավ մարդիկ են»։

«Մեծ հարսանիք արեցին։ Ամուսնությունից 2.5 ամիս անց Սյուզաննան ասեց, որ իրեն վատ են վերաբերվել։ Ես գնացի իրենց տուն, ինձ այնտեղ ծեծեցին, լավ ծեծեցին։ Ես Սյուզիին բերեցի մեր տուն։ Սյուզին հղի էր, ասում էին՝ աբորտ արեք։ Սյուզին ասեց՝ ձեզ պետք չի երեխա, ինձ պետք ա», ֊ պատմել է Անուշ Գրիգորյանը։

Մոր խոսքով՝ դուստրը ապրել է իրենց տանը, մինչև երեխան ծնվել է և դարձել է 1 տարեկան 3 ամսական։ Այդ ժամանակ Սյուզիի նախկին ամուսինը նրան համոզել է հետ գնալ իրենց տուն։ Ըստ Անուշի՝ Սյուզին համոզվել է, քանի որ ինքը ևս անհայր է մեծացել և չէր ուզում իր աղջիկն էլ նույն ճակատագրին արժանանա։ Սյուզաննան հավատացել է, որ ամուսինը փոխվել է։

«2.5 ամիս հետո Սյուզին նորից հետ եկավ։ Ոնց որ 2.5 ամսին էր նրանց միասին ապրելու առավելագույն ժամանակը», ֊ ասել է Սյուզաննայի մայրը։

Միայն վերջնականապես հայրական տուն վերադառնալուց հետո է Սյուզաննան պատմել, որ իրեն ծեծել են, որ մոր ուղարկած նվերները և գյուղմթերքը երբեք իրեն չի հասել։

«Ինձ ծեծել են, 2012 թվականին փակել են տանը մեկ ամսով, մինչև անցնեն հետքերը [ծեծի]։ Այդ ժամանակ ես դիմել էի դատարան, քանի որ, բացի ծեծից, հափշտակել էին նաև իմ փաստաթղթերը, իմ անձնագիրը։ Այդ փաստը դատարանում հաստատցվեց, 200 հազար դրամով տուգանեցին, իսկ ծեծը չհաստատվեց, քանի որ հետքերն ացնել էին»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Սյուզաննա Գրիգորյանը։

Նշենք, որ այս պահին երեխան գտնվում է հոր մոտ, ու վերջինս հրաժարվում է նրան վերադարձնել մորը։

Այսօրվա դատական նիստին Արկադի Գևորգյանին սատարելու էին եկել նրա հազարատները, ովքեր պնդում էին, որ Սյուզաննայի մայրը թաքցրել է, թե երիտասարդ կինը առողջական խնդիրներ ունի` «աղջկան բարդել է իրենց տղայի վրա»։ Նախագահող Գրիգորյանը, փակելով նիստը, ոչ ֆորմալ կերպով հորդորել է կողմերին երեխայի մասին մտածել, նրան չդարձնել գործիք իրար ինչ֊որ բաներ ապացուցելու համար։

Դիմելով կողմերին՝ նա նաև կոչ է արել ըմբռնումով մոտենալ դատավճռին՝ ինչպիսին էլ որ այն լինի, քանի որ ընտանեկան կռիվները «թունավորում են մանկան կյանքը»։

Դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 18֊ին։