Home / Հայաստան / Ադրբեջանցի լրագրողին սպանել են ֆուտբոլիստի մասին «Ֆեյսբուքում» արված մեկնաբանության համար

Ադրբեջանցի լրագրողին սպանել են ֆուտբոլիստի մասին «Ֆեյսբուքում» արված մեկնաբանության համար

Օգոստոսի 9-ին մահացած ադրբեջանցի լրագրող Ռասիմ Ալիևը նախօրեին ծեծի էր ենթարկվել մի խումբ մարդկանց կողմից, ովքեր ներկայացել էին որպես «Գաբալա» ֆուտբոլային թիմի հարձակվող Ջավիդ Հուսեյնովի հարազատներ։

Musavat.com֊ի տվյալներով՝ դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ֆուտբոլիստի զարմիկը՝ Էլշան Իսմայլովը։

Իրավապահ մարմինները հայտնում են, որ լրագրողին ծեծի ենթարկելու փաստը ֆիքսել են փողոցում տեղադրված տեսախցիկները և ոստիկանությունն արդեն իսկ գիտի, թե ով է ծեծել Ալիևին։

Ծեծի ենթրակվելուց 2 օր առաջ՝ օգոստոսի 6-ին, Ռասիմ Ալիևը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է տեղադրել և կիսվել է qaynar-info կայքի լուրով, որտեղ նշվում էր, թե Կիպրոսի «Ապոլոնի» նկատմամբ «Գաբալայի» հաղթանակից հետո Հուսեյնովն անպարկեշտ ժեստ է արել՝ պատասխանելով կիպրոսցի լրագրողի հարցին։

Երբ Հուսեյնովին հարցրել են՝ ինչու էր խաղից հետո թափահարում Թուրքիայի դրոշը, ֆուտբոլիստը պատասխանել է, թե «թուրքերն իմ ընկերներն են», և սեղմած բռունցքները երկու անգամ իրար է հարվածել լրագրողի դեմքի առջև։

Մահվանից առաջ Ալիևը դեպքի մասին պատմել է «Մեյդան Թի֊վի»֊ի լրագրողին․ «Տեսանյութում այդ պահն այդքան էլ լավ չի երևում։ Ես իմ էջում տեղադրեցի այն և գրեցի․ «Չեմ ուզում, որպեսզի նման անբարո մարդն ինձ ներկայացնի եվրոպական ֆուտբոլային դաշտերում»։ Դրանից հետո ինձ զանգեց ինքը՝ Ջավիդ Հուսեյնովը։ Մենք նորմալ զրուցեցինք։ Նա ասաց, որ իր ժեստը սխալ են հասկացել, իրականում ինքը նկատի ուներ, որ Ադրբեջանն ու Թուրքիան բարեկամ երկրներ են։ Այդ մասին ես նույնպես գրեցի «Ֆեյսբուքում»։ Հետո մի մարդ զանգեց, ով ներկայացավ որպես Հուսեյնովի զարմիկ, և նույնպես նորմալ խոսեց, իսկ ի նշան բարիշելու առաջարկեց հանդիպել, թեյ խմել։ Ես ասացի, որ չարժե, բայց նա պնդում էր։ Ես ասացի, որ գտնվում եմ Բաիլովոյում և նրանք եկան։ Ես մենակ գնացի հանդիպման։ 6-7 հոգով էին, միանգամից հարձակվեցին ու սկսեցին ծեծել։ Բջջայինս ու դրամապանակս ձեռքիցս գցեցի, ու նրանք մինչև հեռանալը վերցրեցին այն»։

Հարցազրույցի ժամանակ նա նաև նշել է, որ կորցրել է ականջներից մեկի լսողությունը, դժվարությամբ է շնչում։ Ալիևն ասել է, որ կարողացել է զանգահարել ոստիկանություն, որը ոչ մի կերպ չի արձագանքել լրագրողի հաղորդմանը։

«Գաբալան», իր հերթին, հայտարարել է, որ հեռացնում է ակումբից Ջավիդ Հուսեյնովին, մինչև պարզ չդառնան դեպքի մանրամասները։ Ինքը՝ ֆուտբոլիստը, պնդում է, որ ոչնչի մասին տեղյակ չէ։