Home / Տեսանյութեր / Բյուրեղավանի գործարանի աշխատակիցները 5 ամսվա աշխատավարձի պարտքն են պահանջում

Բյուրեղավանի գործարանի աշխատակիցները 5 ամսվա աշխատավարձի պարտքն են պահանջում

Օգոստոսի 1-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գործող Glass World Company ընկերության 300 աշխատակիցները տեղեկացել են, որ իրենց հաշվին անժամկետ արձակուրդ պետք է գնան:

Այդ օրվանից նրանք արդեն բողոքի 3 ակցիաներ են կազմակերպել գործարանի դիմաց՝ պահանջելով հարկադիր պարապուրդի մանտնվելու հիմնավորումներ և իրենց չվճարված աշխատավարձերը:

«Կին աշխատողներին չի տրվել վերջի 4 ամսվա աշխատավարձը, իսկ տղամարդկանց՝ 5 ամսվանը»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է գործարանի աշխատակիցներից մեկը, ով խնդրել է իրեն ներկայացնել որպես Ա․:

Արզնիի բյուրեղապակու գործարանի հիմքի վրա 2004 թվականին ստեղծված Glass World Company ընկերությունն արտադրում է ապակյա տարաներ՝ հանքային ջրերի, լիմոնադների և այլ ըմպելիքների համար: 2014 թվականին գործարանի աշխատանքները դադարեցվել են՝ վերանորոգման պատճառաբանությամբ: 2015 թվականի մարտից գործարանը նորից աշխատել է, և այժմ՝ 5 ամիս անց կրկին որոշում է կայացվել փակել այն։ Այս անգամ, սակայն, ընկերության ղեկավարությունը որևէ հիմնավորում աշխատողներին չի ներկայացրել:

Օգոստոսյան ակցիաների ժամանակ աշխատակիցներին պատասխան չի տրվել՝ երբ են իրենց աշխատավարձերը ստանալու։ Ա֊ի խոսքով՝ իրենց «կցկտուր ասել են, որ մինչև ամսվա վերջ կարող են տալ մի ամսվա աշխատավարձ», այն էլ այն աշխատակիցներին, ովքեր վարկեր ունեն, մյուսներինը՝ ավելի ուշ:

Այսօր առավոտյան կայացած բողոքի ակցիային գործարանի աշխատողները հրավիրել են նաև Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասանյանին, ով ևս մասնակցել է աշխատողների և գործարանի տնօրինության հանդիպմանը:

«Ժողովին մեր առևտրի գծով պատասխանատու Հակոբ Ազատյանն ասել է, որ մինչև ժամը 17։00-ը մեր աշխատավարձերը կբաժանվեն՝ առձեռն: Շատ լավ մթնոլորտում անցավ, մեզ խնդրեցին ըմբռնել: Ասացին, որ Հայաստանում և Ռուսաստանում ճգնաժամի պատճառով մեր արտադրանքը չի սպառվում, գործարանը չի կարողանում աշխատել: Օգոստոսի վերջին մեզ գրավոր կներկայացնեն գործարանի աշխատանքի դադարեցման հիմքերը»,- Epress.am-ին ասել է Ա֊ը:

Գործարանի տնօրինությունը դեռ չի նշել, քանի ամսվա աշխատավարձ է վճարելու։