Home / Տեսանյութեր / Աշխատավարձը միայն կանանց. գործարանը վճարել է 5 ամսվա պարտքի փոքր մասը

Աշխատավարձը միայն կանանց. գործարանը վճարել է 5 ամսվա պարտքի փոքր մասը

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում գործող Glass World Company ընկերությունը մասնակի կատարել է խոստումը և վճարել աշխատողներին 4-5 ամվա աշխատավարձի պարտքի մի մասը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ընկերության աշխատակից Ա.-ն:

Ընկերությունը վճարել է միայն կին աշխատողներին, ովքեր կազմում են գործարանի անձնակազմի մոտ 30 տոկոսը, և միայն մեկ ամսվա աշխատավարձը: Ընկերության ղեկավարությունը խոստացել է, որ տղամարդ աշխատողները ևս շուտով մեկ ամսվա աշխատավարձը կստանան, իսկ ամբողջական պարտքը կմարվի օգոստոսի վերջին:

Ա.-ն տեղեկացրել է, որ իրենց գործարանի պարապուրդի մանտված աշխատողները որոշել են սպասել մինչ ամվա վերջ, և եթե աշխատավարձի պարտքը ամբողջությամբ չմարվի, իրենք կվերսկսեն բողոքի ակցիաները:

Գործարանի աշխատակցի խոսքով՝ օգոստոսի 1-ից իրենց գործարանը չի աշխատում, աշխատողներին «իրենց հաշվին արձակուրդ» են ուղարկել առանց տեղեկացնելու՝ արդյոք գործարանը վերսկսելու է աշխատանքը:

«Վերագործարկման մասին դեռ ընդհանրապես խոսք չկա»,- ասել է Ա.-ն: