Home / Տեսանյութեր / Սահմանադրության նախագծով համապետական ընտրությունները վերանում են․ պատգամավոր

Սահմանադրության նախագծով համապետական ընտրությունները վերանում են․ պատգամավոր

Իշխող Հանրապետական կուսակցության առաջարկած նոր Սահմանադրության նախագիծը բացառում է լիարժեք համապետական ընտրությունները։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Ի՞նչ է իրականում հրամցնում իշխող հանրապետական մեծամասնությունը։ Եթե ներկայումս ՀՀ քաղաքացիները 2 համապետական մարմին (ՀՀ նախագահ և ԱԺ) ընտրելու իրավունք ունեն ուղղակի, գաղտնի, հավասար, համընդհանուր և ազատ ընտրությունների միջոցով (մի կողմ թողնենք իշխող կուսակցության կողմից ընտրակեղծիքների պարագան), ապա նոր Սահմանադրությամբ՝ ոչ մեկը։

ՀՀ նախագահի ուղղակի ընտրությունները վերանում են։ Վերանում են նաև ԱԺ ընտրությունները։ Այստեղ կա 1-ին փուլ, նշված հատկանիշներով, բայց կա նաև 2-րդ փուլ՝ երբ բազմամանդատային մարմնի ընտրություններում ինչ-որ մեկը պետք է հաղթի և իր ձայներին անհայտ քանակությամբ ձայներ ավելացնի, որպեսզի կայուն մեծամասնություն ձևավորի։ Այս 2-րդ փուլում միանշանակ իշխող մեծամասնության համար է. բավական է, որ նրա համար քվեարկի պետական ապարատը, բանակը, ոստիկանությունը և այլն, ապա նա մտնում է 2-րդ փուլ և անում ինչ ուզում է։ Ահա այս 2-րդ փուլում ընտրությունների վեր նշած համընդհանրության ու հավասարության սկզբունքները չեն գործում։ Ուրեմն չկա լիարժեք ընտրություն։ Սա է կայուն մեծամասնության գաղափարախոսությունը։

Ավելի զավեշտալի են ՀՀ Նախագահի ընտրությունները։ Մտցվում է ընտրիչների ինստիտուտը. պատգամավորներ + ընտրիչներ՝ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Վերջիններս արդեն ընտրված են և բոլորն էլ (99%) հանրապետականներ են։ Այստեղ շատ խորամանկ բան է նախատեսված, շաաատ մտածված։ Եթե անգամ հանրապետականները պարտվեն ԱԺ ընտրությունները (ասենք թե մի հրաշքով ընդդիմությանը հաջողվում է 51% հավաքել), ապա նրանց Նախագահի թեկնածուն միևնույնն է անցողիկ է։ Այս դեպքում Նախագահը հանգիստ բլոկ է անում ընդդիմության վարչապետին։ «Նոր» Նախագահն ունի բոլոր իրավասությունները (գրեթե առանց փոփոխության), ինչ «հինը»։ Հանրապետականները մարդկանց մոլորեցնելու համար նույն ընդդիմության բերանը մի սխալ արտահայտություն են գցել. իբր թե նոր Նախագահը սիմվոլիկ է։ Նման բան չկա. նա պետության գլուխն է և ունի նույն իրավունքները։ Եվ, պատկերացնո՞ւմ եք, այդպիսի մարդուն ընտրում է ինչ-որ ընտրիչների ժողով։ Իսկ սովորաբար, եթե ընդդիմությունը ԱԺ ընտրությունների ժամանակ ինչպես միշտ մի թուլափայ է ստանում, ապա նա ՀՀ Նախագահի նույնիսկ թեկնածու չի կարող առաջարկել՝ պահանջվում է ընտրիչների ժողովի 2/5-ը։ Իսկ ընդդիմության համար սա նշանակում է. եթե նա ԱԺ ընտրություններում ձայների 40%-ը (4/5-ը) չի ստացել, նա Նախագահի թեկնածու չի առաջադրում։ Եվ այսպես, ՀՀ Նախագահին փաստացի նշանակում է ՀՀԿ վերնախավը, ինքն էլ կարող է նրան հանել», ֊ նշել է Բագրատյանը։