Home / Հայաստան / Սպառնալիքների մասին բարձրաձայնող մեղադրյալը հանել են սեռական բռնության փորձի մեղադրանքը

Սպառնալիքների մասին բարձրաձայնող մեղադրյալը հանել են սեռական բռնության փորձի մեղադրանքը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Հրաչյա Գևորգյանին մեղսագրված արարքների շարքից հանվել է իր հետ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող Նաիրա Հարությունյանի նկատմամբ սեռական բնույթի բռնության փորձ գործադրելու մեղադրանքը: Գործով դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Մալյանը հայտարարել է, որ այդ մեղադրանքից հրաժարվում է, քանի որ այն, բացի Նաիրա Հարությունյանի բողոքից, որևէ այլ ապացույցներով չի հաստատվել։

Գևորգյանը մեղադրվում է Հարությունյանին և վերջինիս անչափահաս որդուն պատանդ վերցնելու, պատանդներին ազատելու պայմանով կնոջ հորից գումար պահանջելու մեջ: Նա մեղադրանքը չի ընդունում, վերջին 2 տարվա ընթացքում բազմիցս հայտարարել է, որ իրեն սպառնացել է Մաշտոցի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժնի նախկին պետ Արթուր Գևորգյանը, սակայն ՀՔԾ-ի համար դա բավարար հիմք չի դարձել քրեական գործ հարուցելու համար։

Նիստի ժամանակ դատախազը միջնորդել է վերսկսել դատաքննության փուլը, քանի որ չէր կատարվել ապացույցներից մեկի՝ տեսանյութի ուսումնասիրություն: Համաձայն մեղադրողի, տեսանյութում կարող է երևալ, թե Գևորգյանն իրեն հիվանդանոց տեղափոխելիս բռնություն է գործադրում իրավապահների նկատմամբ։

Թեև Հրաչյա Գևորգյանը ներկա էր դատական նիստին, նա չի կարողացել կարծիք հայտնել դատավարության վերսկսման մասին, քանի որ գտնվում է առողջական ծանր վիճակում: Գևորգյանը պնդում է, որ իրեն քրեակատարողական հիմնարկում բուժում չեն տրամադրում։