Home / Տեսանյութեր / Ինչպես օգտագործեցին 19 միլիոնի վարկը․ Վանաձորի ջրամատակարարման խնդիրը

Ինչպես օգտագործեցին 19 միլիոնի վարկը․ Վանաձորի ջրամատակարարման խնդիրը

Վանաձորում ջրամատակարարման համակարգը գրեթե ամբողջովին փոխելու համար ՀՀ կառավարության երաշխավորմամբ KWF գերմանական պետական բանկից 19 միլիոն եվրո վարկ վերցրած «Լոռի֊ջրմուղկոյուղի» ՓԲԸ֊ն աշխատանքներն անորակ է կատարել, պնդում են քաղաքի բնակիչները։ Նրանց դժգոհությունը բարձրացվել է նաև քաղաքի ավագանու վերջին երկու արտահերթ նիստերում։ Ավագանու 8 անդամներն առաջարկել են հարցի վերաբերյալ դիմել վարչապետին՝ որպես երաշխավոր հանդիսացած Կառավարության ղեկավարի։

Ավագանին ցանկացել է ուղերձ հղել Կառավարությանը։ Ուղերձի նախագծում, մասնավորապես, ասված է եղել․

«Նոր համակարգում վթարների թիվը չի նվազել, ջրի որակը չի բարելավվել, քաղաքացիների ահազանգերին ժամանակին չեն արձագանքում, վթարների վերացման աշխատանքները ժամանակին ու որակով չեն իրականացվում, և որ ամենակարևորն է՝ ջրագծերը փոխելու ընթացքում փորված ճանապարհների վերանորոգման աշխատանքները հիմնականում կատարվել են անորակ»։

Նման ուղերձին դեմ է արտահայտվել քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Նա առաջարկել է նախ հարցը շահագրգիռ կողմերի հետ քննարկել, միևրնույն ժամանակ նշել է, որ որոշողը, այնուամենայնիվ, ավագանին է։ Ավագանմու անդամներն ուղերձը ձայների մեծամասնությամբ ընդունել են։ Երկու օր անց՝ օգոստոսի 26-ին, նոր նիստ է հրավիրվել, և այդ որոշումը չեղյալ համարվել։

«Լոռեցիների միավորում» ՀԿ նախագահ Մենուա Բրուտյանը Epress.am-ի հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնել ուղերձը չեղյալ համարելու որոշման առիթով։

«Եթե հարցը այսքան հասունացած չլիներ, կարելի էր գնալ ուսումնասիրություններ կատարելու ճանապարհով, որը հիմա արդեն ժամանակավրեպ է։ Կառավարությանը դիմելը բազմաթիվ ճանապարհներից մեկն է միայն։ Գոյություն ունի նաև զանգվածային բողոքներ անելու կամ դատական հայց ներկայացնելու տարբերակ, ինչպես նաև այլ տարբերակներ։ Համենայնդեպս, վարչապետին դիմելը քայլ առաջ էր»,֊ ասել է Բրուտյանը։

Նա նշել է, որ ջրի խնդիրը լուրջ է հատկապես որոշ թաղամասերում, որտեղ ջրամատակարարման դադարեցումները լինում են ընդհուպ մինչև մի քանի օր տևողությամբ։ Բրուտյանի խոսքով՝ բնակիչները նույնիսկ ստիպված են եղել դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ իրենց թաղամասեր ցիստերններով խմելու ջուր ուղարկելու համար։ Որոշ թաղամասերում մինչ օրս ճանապարհներն անանցանելի են փորված փոսերի պատճառով։