Home / Տեսանյութեր / Դատարանը երեխային հանձնել է հորը․ որոշումն արդարացի չէ, պնդում է մայրը

Դատարանը երեխային հանձնել է հորը․ որոշումն արդարացի չէ, պնդում է մայրը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ Բորիկ Գրիգորյանի նախագահությամբ, մերժել է Բերդի բնակիչ Սյուզաննա Գրիգորյանի` իր մանկահասակ երեխայի խնամակալությունն իրեն հանձնելու պահանջով հայցը:

Epress.am-ի հետ զրույցում Սյուզաննա Գրիգորյանը պատմել է, որ երեխայի խնամակալության հարցով դատավարության վերջում դատավոր Գրիգորյանը ոչ ֆորմալ կերպով դիմել է ծնողներին, նրանց հարազատներին ու բարեկամներին՝ հորդորելով երեխային չդարձնել «առուծախի առարկա»:

Գրիգորյանը պահանջում էր դստերն իր խնամքին թողնել, քանի որ իր նախկին ամուսինը հոգեբանական և ֆիզիկական բռնություն է կիրառել իր և իր մոր նկատմամբ ու չի մասնակցել երեխայի խնամքին մինչև վերջինիս 4 տարեկան դառնալը: Գրիգորյանը պնդում է, որ իր ամուսինը՝ Արկադի Գևորգյանը, 5 տարի առաջ տանից հեռացրել էր իրեն՝ ասելով, որ իրեն երեխա պետք չէ, պետք է դադարեցնել հղիությունը: Հետագայում խլել է արդեն 4 տարեկան երեխային՝ իրեն այլևս տուն չթողնելով և ասելով, որ ինքը «նեռվայն» կին չի ուզում:

«Դատարանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ մեր բնակպայմանները ավելի փոքր են: Սակայն դա կեղծ պատճառաբանություն է: Ես կարող եմ առանձին էլ ապրել, եթե պետք է: Չնայած երեխայի հետ իմ մոր հետ եմ ապրել 4 տարի և ոչ մի պայմաններ փոքր չեն եղել: Ես դատարան եմ ներկայացրել փաստաթղթեր, որ աշխատում եմ, ստանում եմ բավարար աշխատավարձ երեխա խնամելու համար», – ասել է Սյուզաննա Գրիգորյանը:

Նա տեղեկացրել է, որ վճռի հրապարակման հարցում դատարանը թույլ է տվել կեղծիք։ Օգոստոսի 18-ին դատավորը ներողություն է հայցել Սյուզաննայից՝ ծանրաբեռնվածության պատճառով վճիռը չհրապարկելու համար, սակայն հետագայում հայցվոր կինը դատարանից նամակ է ստացել, որում գրված է եղել, թե վճիռը հենց օգոստոսի 18-ին հրապարակված է եղել:

Այժմ Սյուզաննա Գրիգորյանը դատավճիռը բողոքարկում է Վերաքննիչ դատարանում:

Արկադի Գևորգյանը նախկինում մեղավոր է ճանաչվել կնոջ փաստաթղթերը գողանալու համար և տուգանվել 200.000 դրամով: Գրիգորյանի պնդմամբ՝ ամուսինն իր նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառել, սակայն, դա հնարավոր չի եղել ապացուցել, քանի որ Գևորգյանն իրեն այնքան է պահել փակի տակ, մինչև ծեծի հետքերն անցել են: Ամուսինը ծեծի է ենթարկել նաև իր մորը, պնդում է Սյուզաննա Գրիգորյանը։