Home / Հայաստան / «Կեղտաջուրը կլցվի տներս»․ Մարալիկում կոյուղատար համակարգը վթարված է 80-ականներից․ «Ասպարեզ»

«Կեղտաջուրը կլցվի տներս»․ Մարալիկում կոյուղատար համակարգը վթարված է 80-ականներից․ «Ասպարեզ»

Մարալիկ քաղաքի կոյուղատար համակարգը, ըստ բնակիչների, վթարված է դեռ 1980-ականներից: «Ասպարեզ» օրաթերթը գրում է, որ բնակիչները բողոքում են ոչ միայն սանիտարահիգիենիկ պայմանների բացակայությունից, այլև՝ կոյուղատար համակարգի խոտանների վերացման ծախսատար աշխատանքից:

«Սաղ ավիրված է, չի աշխատում: Կգան, կնայեն, պռավոդով կմաքրեն, բայց էլի նույն վիճակն է: Կեղտաջուրը կելնի, կլցվի տներս, շան հոտ է գալիս՝ ապրել հնարավոր չէ», – ասում է Մարալիկի բնակչուհի Լյուդմիլա Արշակյանը:

«Խողովակաները փտած ու ավիրված են: Հեչ չեն փոխվել: Էրեխեքին խաղալու տեղ չկա», – շարունակում է Արշակյանի հարևանուհի Լարիսա Փարվանյանը:

Ներկայացված վիճակն առկա է Մարալիկի գրեթե բոլոր թաղամասերում: 2-րդ թաղամասի թիվ 2 շենքի բնակիչները «Ասպարեզի» հետ զրույցում նշել են, որ խնդրով ոչ քաղաքապետարանն է հետաքրքրվում, ոչ էլ ջրմուղը:

«Ամիս չկա, որ մենք 200, 300, 500 դրամ չհավաքենք, որ ջրմուղից գան, սարքեն: Հոտի պատճառով դուռ ու լուսամուտ չենք բացում», – ասել է բնակիչներից Ծովինար Աշխոյանը:

Մարալիկի քաղաքապետարանից և «Շիրակ ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից «Ասպարեզին» տեղեկացրել են, որ կոյուղատար համակարգի խնդրով կզբաղվեն այն ժամանակ, երբ կավարտեն ոչ միայն Մարալիկի, այլև ամբողջ մարզի ջրատար համակարգի մոնտաժման աշխատանքները:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում