Home / Տեսանյութեր / Բաքուն կրակեց «Հայոց լեզու» դասագրքով․ Երևանը ձգանը սեղմել էր 3 տարի առաջ

Բաքուն կրակեց «Հայոց լեզու» դասագրքով․ Երևանը ձգանը սեղմել էր 3 տարի առաջ

Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը «Հայոց լեզու» ուսումնական ձեռնարկ է հրատարակել։ Տեղեկատվական պատերազմում նրանց հայաստանցի գործընկերները նմանատիպ նախաձեռնությամբ էին հանդես եկել դեռևս 2012 թվականին։

Ադրբեջանական կենտրոնի պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ հայոց լեզվի ուսուցանումը կբերի հայոց պատմության իմացության, ինչպես նաև կընձեռի տեղեկատվական պատերազմի պայմաններում դրան ադեկվատ գնահատական տալու հնարավորություն։

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայոց լեզվի ձեռնարկի հեղինակը գիտությունների դոկտոր (չի նշվում ինչ գիտությունների – Epress.am) Խաթամ Ջաբարլին է, խմբագիրները՝ փիլիսոփայության դոկտոր Իսրաֆիլ Մամեդովը, բանասիրության դոկտոր Սարլան Գասանովը, ինչպես նաև Սոհբաթ Մամեդովն ու Թաիրա Ջաբարլին։

Գործակալությունը նշում է, որ ուսումնական ձեռնարկը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար ու բաղկացած է չորս մասից՝ հնչյունաբանություն, շարահյուսություն, բառակազմություն և ձևաբանություն։

book1

Ճակատի այս կողմում՝ Երևանում, ադրբեջաներեն լեզվի ձեռնարկ է լույս տեսել 2012 թվականի մայիսին։ Գրքի հեղինակ Լիլիթ Մովսիսյանը պնդում էր, որ գիրքը կրում է զուտ ուսուցողական բնույթ. «Եթե մեկը փորձի կարդալ, կհամոզվի, որ ոչ մի ազգային հակաքարոզչական տեքստեր չկան: Դասագիրքը ծանոթացնում է ադրբեջանական գրականությանը, կենցաղին, պատմությանը, Ադրբեջանի աշխարհագրական դիրքին: Բավականին չեզոք է, զերծ որևէ պետական ռազմավարական ազդեցությունից»։

Որպես քարոզչության բացակայության ապացույց՝ գրքի շնորհանդեսի ժամանակ հատուկ նշվում էր, որ ադրբեջաներեն լեզվի ձեռնարկի հրատարակումը հովանավորել էր «Արցախբանկը»։ Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը նույնպես պնդում էր գրքի գիտական բնույթի մասին։ Նա նշել է, որ գրքի թիրախ են հանդիսանում թուրքագետները, պատմաբանները և այլ մասնագետները․ «Ադրբեջանը մեր հարևանն է ու թշնամին, և ադրբեջաներեն լեզվի ուսումնասիրությունը ունի ռազմավարական նշանակություն»։

Մելքոնյանի խոսքով՝ 2012֊ի դրությամբ ԵՊՀ֊ում արդեն չորս տարի ուսումնասիրվում է ադրբեջանագիտությունը, և, ըստ նրա, «ադրբեջանագետների պատրաստումը շատ կարևոր է քաղաքական, տեղեկատվական պատերազմում»։  

Լուսանկարները՝ contact.az և mediamax.am