Home / Հայաստան / 32-ամյա ՀՀԿ-ական պատգամավորը՝ Արդարադատության նախարար

32-ամյա ՀՀԿ-ական պատգամավորը՝ Արդարադատության նախարար

ՀՀԿ խմբակցության 32-ամյա պատգամավոր, մասնագիտությամբ իրավաբան Արփինե Հովհաննիսյանն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Արդարադատության նախարար: Այս պաշտոնում նա կփոխարինի Հովհաննես Մանուկյանին, ով առանց պատճառների բացատրության աշխատանքից ազատվել էր հուլիսի 14-ին: Վերջին շաբաթների ընթացքում մամուլում գրում էին, որ Հովհաննիսյանն այդ պաշտոնը զբաղեցնելու հիմնական թեկնածուն է, և նրա թեկնածությունը պաշտպանում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սեպտեմբերի 1-ին Աբրահամյանը հայտարարել էր, որ Հովհաննիսյանը թեկնածուների թվում է, իսկ նոր նախարարի նշանակման մասին կհայտարարվի գալիք օրերին: Երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը նախարարի պաշտոնում առաջադրել է Հովհաննիսյանի թեկնածությունը, և գործադիր մարմինը հավանություն է տվել այդ առաջարկին:

Հովհաննիսյանը 2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/  իրավաբանական ֆակուլտետը, 2006թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: 2009թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ,  2006-2007թթ.` առաջատար մասնագետ: 2007թ-ից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է: 2007-2008թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ, 19.05.2008-30.09.2008թթ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական: 2008-2011թթ. Հովհաննիսյանն աշխատել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Նորանշանակ նախարարն ամուսնացած չէ: