Home / Տեսանյութեր / Սահմանադրության նախագծում էկոլոգիան ստորադասվում է տնտեսությանը․ փաստաբաններ

Սահմանադրության նախագծում էկոլոգիան ստորադասվում է տնտեսությանը․ փաստաբաններ

Հայաստանի գործող Սահմանադրությունում ամրագրված է, որ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար, սակայն օգոստոսին ներկայացված Սահմանադրության նախագծում այդ նորմն ամրագրված չէ: Այս մասին նախագծին տված մասնագիտական գնահատականում նշում է Փաստաբանների պալատը: Փաստաբանները առաջարկում են վերականգնել այդ իրավանորմը:

Շրջակա միջավայրի պաշտպանության մասին հոդվածում Սահմանադրության նախագծի հեղինակները գրել են.

«Հանրային իշխանությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը՝ ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով և հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների հանդեպ»:

Փաստաբանների կարծիքով՝ «ղեկավարվելով կայուն զարգացման սկզբունքով» եզրույթը առաջնային է դարձնում տնտեսական գործոնը, և դա է լինելու որոշիչ բնապահպանական և բնօգտագործման խնդիրները լուծելիս:

««Հաշվի առնելով պատասխանատվությունն ապագա սերունդների հանդեպ» ձևակերպումը չի «փրկում» իրավիճակը, քանի որ հիմա կարելի է վնասել բնական միջավայրը, սակայն հիմնավորել, որ ապագա սերունդներին դա չի վնասի», – գրում են փաստաբանները:

Բնապահպան, իրավաբան Արթուր Գրիգորյանի խոսքով՝ այս փոփոխությամբ ոչ միայն ոտնահարվում է տեղեկատվություն ստանալու իրավունքը, այլև վերացվում է մաքուր բնական միջավայրում ապրելու իրավունքը: Ներկայիս ձևակերպմամբ պետությունը աբստրակտ պարտավորություն է վերցնում իր վրա, մինչդեռ գործող Սահմանադրությամբ ամրագրված է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և այլոց հետ համատեղ պահպանել և բարելավել շրջակա միջավայրը:

«Եթե իրավունքը չի սահմանվում, մարդ զրվկում է իր իրավունքը նաև դատական ատյաններով պաշտպանելու հնարավորությունից»,- ասել է Գրիգորյանը: 

Լուսանկարում՝ Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Թեղուտի հանքում