Home / Հայաստան / «Իշխանությունը պատրաստ է արյան մեջ խեղդել Թուրքիան. մենք չպետք է տրվենք սադրանքների»

«Իշխանությունը պատրաստ է արյան մեջ խեղդել Թուրքիան. մենք չպետք է տրվենք սադրանքների»

Վերջին երեք օրվա ընթացքում Թուրքիայում մահացել է շուրջ 30 մարդ՝ 16 զինծառայող և 13 ոստիկան։ Նրանք մահացել են ահաբեկիչների՝ [Քրդական բանվորական կուսակցության] ձեռքից։ Եվս երկուսը մահացել են հասարակ մարդկանց ձեռքից, ավելի ճիշտ՝ ոտքից, միայն այն բանի համար, որ խոսել են քրդերեն։ Դեռ քանի՞ հոգի է մահանալու․ կանխատեսում են՝ շատ։

Սեպտեմբերի 6֊ին, երբ մահացան զինծառայողները, ողջ երկիրը ֆուտբոլ էր նայում։ Խաղին ներկա էր Թուրքիայի վարչապետը [Ահմեդ Դավութօղլուն]․ ուղիղ եթերում ժպտում էր ու ձեռքը թափահարում։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը [Ռեջեփ Թայիփ Էրդողանը] մեծ հեռուստատեսային հարցազրույց էր տալիս CNN ալիքին։ Հետևաբար, ահաբեկչական հարձակման մասին լուրերը պահում էին ու եթեր չէին թողնում։

Իսկ երբ, այնուամենայնիվ, լուրն արտահոսեց սոցցանցերի միջոցով ու հաստատվեց Hürriyet֊ում, թերթի գրասենյակի վրա հարձակում իրականացվեց։ Իշխող [Արդարություն և զարգացում] կուսակցության շուրջ 200 կողմնակիցներ, զինված քարերով ու փայտերով, սկսեցին ջարդել շենքը։ Ժամանած ոստիկանությունը շատ մեղմորեն ու նրբորեն վերջ դրեց ջարդին․ ոչ գազ, ոչ ջրցան, միայն՝ խիղճ ունենալու մասին կոչեր։ Միաժամանակ, երկրի նախագահը հայտարարեց՝ մեզ խորհրդարանում 400 տեղ չտվեցիք, ահա և արդյունքը։ Այսինքն՝ կերեք, խեղդվեք։ Ավելի ճիշտ՝ խեղդվեք արյան մեջ։

Հասարակությունն ապշեց ու վրդովվեց։ Երեկ ժողովուրդը դուրս եկավ Ստամբուլի փողոցներ։ Ահաբեկչության դեմ, կրակի դադարեցման համար։ Եվ վերջին երկու տարվա ընթացքում, չնայած անհամար ոստիկանների ներկայությանը, գազ չկիրառվեց։ Ոստիկանությունը զգուշավոր է, քանի որ եթե խաղաղ բնակչության շրջանում անգամ մի զոհ լինի, [իրադրությունն] այնպես կպայթի, որ Գեզիի ցույցերը մանկական հանդես կթվան։

Երեկ [«Ազգայնական շարժում» կուսակցության] առաջնորդ Դևլեթ Բախչելին մի շատ ճիշտ բան ասաց՝ եթե երկրի ղեկավարը չի կարողանում լուծել խնդիրը, ապա նա պետք է հեռանա, կամ, գոնե, լռի ու չհրահրի։ Երկրի ղեկավարը, սակայն, ի վիճակի չէ լռել, երկրի ղեկավարը պնդում է, որ այս ամենն այն պատճառով է, որ ընդդիմությունն իրեն խանգարում է աշխատել ու երկիրը բարգավաճման տանել։

Ներկայումս մեծ թվով ասեկոսեներ են շրջանառվում։ Գրում են, որ նախագահը կորցրել է վերահսկողությունն իր, սեփական զգացմունքների ու հավակնությունների նկատմամբ։ Գրում են, որ բանակցություններ են ընթանում նախկին նախագահ Աբդուլա Գյուլի հետ, որպեսզնի նա վերադառնա ու մասնակցի նոյեմբերի 1֊ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Նա, սակայն, ամեն կերպ հրաժարվում է։ Աբդուլա Գյուլը ճիշտ ժամանակին դուրս եկավ խաղից ու վերադառնալու ցանկություն, առավել ևս հիմա, ընդհանրապես չունի։

Ներկա դրությամբ իրադարձությունների որևէ զարգացում կանխատեսելն անհնար է։ Մի բան հստակ է՝ եթե գործող նախագահը հեռանար գեղեցիկ կերպով, առանց այս արյունալի հոգեվարքի, ապա երկրի պատմության մեջ կմտներ որպես լավ բարեփոխիչ։ Ամենայն հավանականությամբ, սակայն, պատմության մեջ մտնել միայն որպես ի բարօրություն երկրի գործող տաղանդավոր ղեկավար ու բարեփոխիչ նրա ծրագրերում երբեք չի եղել։

Ուստի, մենք պատրաստվում ենք վատագույնին՝ սադրանքներ քուրդ բնակչության դեմ, բողոքի ցույցեր, քաղաքացիական պատերազմ, ռազմական հեղաշրջում․ ինչ ասես՝ կարող է տեղի ունենալ հենց վաղը։ Կարող է, սակայն, և տեղի չունենալ։ Ու այս հսկա խաղում մեզանից ոչինչ կախված չէ։ Մենք կարող ենք միայն չհարձակվել միմյանց վրա, չտրվել ազգային հողի վրա սադրանքներին, որոնք, միանշանակ, կլինեն ու ձեռնտու են միայն հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական գործիչներին։

Նատալյա Էնյունլու, բլոգեր Ստամբուլից

Լուսնակարը թուրք ազգայնականների երթից