Home / Տեսանյութեր / 1in.am-ը մտադիր չէ փոխհատուցում վճարել գրողին Ծառուկյանի նկարով արտատպված հանելուկի դիմաց․ դատ

1in.am-ը մտադիր չէ փոխհատուցում վճարել գրողին Ծառուկյանի նկարով արտատպված հանելուկի դիմաց․ դատ

Հեղինակային իրավունքի ոտնահարման փաստով գրող Արփի Ոսկանյանը (լուսանկարում) ընդդեմ 1in.am-ի գործով դատական վիճաբանությունների փուլն անցկացվել է այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Լրատվամիջոցները, սակայն, չեն կարողացել վիճաբանությունները տեսագրել, քանի որ 1in.am-ի ներկայացուցիչ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Լևոն Սահակյանն առարկել է, ընդ որում՝ չի հիմնավորել իր առարկությունը ոչ դատարանում, ոչ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում: Նշենք, որ «AM» ընկերությունը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի եղբորը՝ Գրիգոր Մինասյանին։

Արփի Ոսկանյանը դատարանում կրկնել է իր հայցադիմումի պահանջը. Ոսկանյանի «Քաղաքական հանելուկներ» շարքի 2012 թվականի դեկտեմբերի 6-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում լույս տեսած բանաստեղծությունը 1in.am կայքն առանց հեղինակի հետ համաձայնեցնելու արտատպել էր՝ փոխելով ստեղծագործության տեքստը՝ վերնագիրը ներառյալ, այն հրապարակել է կոնկրետ անձի՝ այն ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լուսանկարով և լրացուցիչ մեկնաբանությամբ, ինչպես նաև հայտարարվել էր բանաստեղծության համար առաջարկվող երգի մրցույթ:

Ոսկանյանը դատարանում վերահաստատել է իր պահանջը՝ պարտավորեցնել կայքին հեռացնել արտատպում հրապարակումն ինտեռնետ տիրույթից և հեղինակային իրավունքի ոտնահարման համար վճարել 200.000 դրամ:

«Բնականաբար, ես այդքան չեմ գնահատում ինձ հասցված վնասը, ուղղակի դա առավելագույնն է, որ սահմանվում է օրենքով»,- ասել է Ոսկանյանը:

1in.am-ի շահերը ներկայացնող փաստաբան Սահակյանն ասել է, որ հայցը ենթակա է մերժման, հատկապես՝ գումարի բռնագանձման մասով: Սահակյանի խոսքով՝ 1in.am-ի ղեկավարությունը պատրաստվում է, անկախ դատավճռից, հանել հրապարակումը, սակայն չի պատրաստվում դրամական փոխհատուցում տալ:

Սահակյանն իր առարկության մեջ ասել է, որ որևէ անձի, տվյալ դեպքում՝ Գագիկ Ծառուկյանի նկարով հանելուկը հրապարակելը չի կարող նշանակել, որ խմբագրողը սահմանափակում է ընթերցողի՝ այլ մեկնաբանություն տալու իրավունքը: Ոսկանյանը, սակայն, պնդում է, որ դա հակասում է հանելուկների հղացքին:

Փաստաբանը նաև հայտարարել է, որ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը կատարվել է հրապարկումից հետո, ուստի, իր կարծիքով, չի կարող հետադարձ ուժ ունենալ։

Նշենք, սակայն, որ այն օրենքները, որոնք լայնացնում են քաղաքացու իրավունքների տիրույթը, հետադարձ ուժ ունենում են:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 28-ին:

Լուսանկարը՝ Արփի Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից