Home / Տեսանյութեր / Պարետային ժամ և զոհեր․ Թուրքիայում իրավիճակը սրված է մնում

Պարետային ժամ և զոհեր․ Թուրքիայում իրավիճակը սրված է մնում

Թուրքիայում շարունակվում են բախումները կառավարական ուժերի և երկրում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության զինյալների միջև։ Դրանց հետևանքով հաճախ տուժում է քաղաքացիական բնակչությունը։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում լարվածության կենտրոնը հարավ֊արևելքում գտնվող Շըրնակ նահանգի քրդաբնակ Ջիզրե քաղաքն է։ Կիրակի, ժամը 19։00֊ին այստեղ կրկին պարետային ժամ է հայտարարվել։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 12֊ին, տեղի իշխանությունները վերացրել էին 8 օր տևած պարետային ժամը։

Թուրքական ԶԼՄ֊ների համաձայն, Շըրնաքի մարզպետարանի՝ պարետային ժամը վերականգնելու որոշումը պայմանավորված է Ջիզրեում Թուրքիայի անվտանգության ուժերի ու Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների միջև շարունակվող պայքարով։

Ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP) շաբաթ օրը հայտարարել էր, որ ավելի քան 100 000 բնակչությամբ քաղաքում տեղի ունեցած բախումների հետևանքով 22 քաղաքացի է մահացել։ Նույն օրը Եվրամիության հարցերով նախարարի պաշտոնակատար Ալի Հայդար Քոնչան հաստատել է քաղաքացիների մահը՝ ավելացնելով, որ ավելի քան 50 մարդ վիրավորվել է գործող պարետային ժամի ընթացքում։

Թուրքիայի մի շարք քաղաքներում շարունակվում են հարձակումները քրդական խաղաղ բնակչության վրա։ Քրդերի պնդումներով, այդ հարձակումները կազմակերպվում են իշխանությունների կողմից, իսկ մամուլում դրանք կապում են «Օսմանյան սրտեր» երիտասարդական կազմակերպության հետ։ Ըստ լրագրող Իրֆան Շյոնմեզի, «Օսմանյան սրտերը» իշխող կուսակցության կողմից օգտագործվում է որպես ռազմականացված խումբ, որը կարող է գործի դրվել փողոցային բախումների դեպքում։ Տվյալ կազմակերպությունը պատրաստում է գրոհայինների, որոնք պատրաստ են պայքարելու հանուն «Արդարություն և զարգացում» կուսակցության։

Թուրքիայի ներքաղաքական կյանքի վերաբերյալ իր բացահայտումներով հայտնի գաղտնի բլոգեր Ֆուաթ Ավնին հայտարարել է, որ «Օսմանյան սրտերի» մի շարք անդամներ իրականում աշխատում են Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության համար։

Չնայած Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները հերքում են, թե կապ ունեն «Օսմանյան սրտերի» հետ, կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես մասնակցում են նրանց միջոցառումներին։ Կազմակերպության առաջնորդ Քադիր Ջանփոլադը չի թաքցնում, որ Էրդողանի երկրպագու է։

«Մենք Ռեջեփ Թայիփ Էրդողանի զինվորներն ենք։ Մենք գոյություն չէինք ունենա, եթե նա չլիներ», ֊ ապրիլի հնչեցրած իր ելույթներից մեկի ժամանակ ասել էր Ջանփոլադը։