Home / Հայաստան / Դատավորն ու դատախազը հազարավոր դոլարները կանանց անունով են պահում․ «Ժողովուրդ»

Դատավորն ու դատախազը հազարավոր դոլարները կանանց անունով են պահում․ «Ժողովուրդ»

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք֊Սարգսյանի (լուսանկարում) դրամական միջոցներն անցած տարվա վերջի դրությամբ, ըստ նրա պաշտոնական հայտարարագրի, կազմել են 3 միլիոն 500 հազար դրամ, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Նրա տարեկան աշխատավարձը եղել է 9 մլն 190 հազար դրամ, կենսաթոշակը՝ 5 մլն 685 հազար դրամ։ Դատավորի կնոջ՝ Սիլվա Թևոսյանի դրամական միջոցները նախորդ տարվա վերջում եղել են 100 հազար դոլար։

«Փաստորեն, դատավորի կինը, որը 30 հազար դրամ ամսական աշխատավարձ է ստանում, կարողացել է 100 հազար դոլար կուտակել, մինչդեռ ամուսինն ավելի քան 700 հազար դրամ ամսական աշխատավարձով ընդամենը 3․5 միլիոն է կուտակել։ Ի դեպ, Մելիք-Սարգսյանի որդին ՀՀ Արարատի մարզի դատախազն է՝ Համբարձում Մելիք-Սարգսյանը, ու դրամական միջոցները նախորդ տարվա վերջում եղել են 29 մլն 500 հազար դրամ, աշխատավարձն էլ՝ 6 մլն 242 հազար դրամ։ Դատախազ որդու կնոջ՝ Ալինա Հարությունյանի դրամական միջոցները ևս ամուսնու ունեցվածքից ավել են և կազմում են 35 մլն 500 հազար դրամ։

Դատախազի կնոջ աշխատավարձն էլ կազմում է ամսական 75 հազար դրամ։ Մի խոսքով, որդին ինչ տեսել է, այն էլ սովորել է․ տան հիմնական դրամական միջոցները պետք է պահվեն կնոջ անունով», ֊ գրում է թերթը։