Home / Հայաստան / Առաջարկվող Սահմանադրությամբ մարդու իրավունքների սահմանափակումները շատ են․ պատգամավոր

Առաջարկվող Սահմանադրությամբ մարդու իրավունքների սահմանափակումները շատ են․ պատգամավոր

Գործող Սահմանադրությունում կան հոդվածներ, որոնք արգելում են մարդու իրավունքների սահմանափակումներն ավելի մեծ ծավալով, քան դա սահմանված է միջազգային պայմանագրերով։ Իշխանությունների կողմից առաջարկվող սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջակում է մի շարք դեպքերում, օրինակ, հանուն հանրային կարգի, սահմանափակել մարդու իրավունքները: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

Վերջինիս խոսքով՝ այդ սահմանափակումն անդրադառնում է խղճի, ընտանիքի, տան իրավունքի ոլորտներին, որտեղ մարդու իրավունքներին կարող է վնաս հասցվել՝ հասարակական շահի պատճառաբանությամբ։

Բագրատյանը ԱԺ֊ում նախագիծը ներկայացնող Սահմանադրական բարեփոփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանին հարցրել է, թե ինչ նպատակով է այդ փոփոխությունն առաջարկվում:

Պողոսյանն ասել է, որ մարդու իրավունքները նման դեպքերում ոչ թե «դադարեցվում են, այլ լեգիտիմ հիմքերով, այդ թվում՝ հանրային կարգով, սահմանափակվում»։

Բագրատյանը մեկ այլ հարց է բարձրացրել՝ կապված սահմանադրական փոփոխությունների հետ՝ ընդգծելով, որ թեև առաջարկվող տարբերակով երկրի նախագահը շարունակելու է ունենալ մեծ լիազորություններ, նրան ընտրության ընդդիմությունը փաստացի չի կարող մասնակցել, քանի որ, այսպես կոչված, ընտրիչների ժողովում, որն ընտրելու է նախագահին, ընդդիմութունը կարող է թեկնածու առաջարկել, միայն այն դեպքում, եթե խորհրդարանական ընտրություններում հավաքել է առնվազն 40 տոկոս ձայներ:

Ընտրիչների ժողովի մասին հարցին Պողոսյանը չի պատասխանել: Նա միայն կարծիք է հայտել, որ նախագահի լիազորությունների մասին կարծիքները տարբեր են. ոմանք էլ պնդում են, որ ԱԺ նախագահին են շատ լիազորություններ տրվում: