Home / Հայաստան / Նախարարը պնդում է՝ նաիրիտցիներն ինքնակամ են հրաժարվել հասանելիք գումարի մի մասից

Նախարարը պնդում է՝ նաիրիտցիներն ինքնակամ են հրաժարվել հասանելիք գումարի մի մասից

«Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար առնվազն 250-300 միլիոն դոլարի ներդրումներ են պահանջվում: Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:

Նա նշել է, որ Կառավարությանը ձեռնտու չէ «Նաիրիտի» լուծարումը, քանի որ գործարանի կոնսերվացման վրա ծախսվելիք գումարները բավականին մեծ են, իսկ Կառավարությունը այդ միջոցները չունի:

«Եթե կան ներդրողներ, եկեք բանակցենք: Կառավարությունը պատրաստ է նաև գնալ որոշ զիջումների, պարտքերի սառեցման համար», – ասել է Զախարյանը:

ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը հարց է բարձրացրել «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի վերաբերյալ. Մասնավորապես, Զուրաբյանը հիշեցրել է, որ նաիրիտցիներին աշխատավարձի պարտքը տալուց պարտադրել են հրաժարվել իրենց հասանելիք տույժերից, որոնք վճարվում են աշխատավարձն ուշացնելու դեպքում:

Զախարյանը պնդել է, որ նաիրիտցիներն ինքնակամ են հրաժարվել այդ գումարներից, չնայած գործարանի աշխատակիցներն իրենք են լրագրողների հետ զրույցներում ասել, որ գործարանի ղեկավարները պնդել են՝ տույժերից հրաժարվելու թղթերը չստորագրելու դեպքում աշխատավարձերը չեն տա։