Home / Հայաստան / Ամենամեծ բացթողումը․ զինապարտներն օրենքով չեն կարող բողոքարկել բժշկի եզրակացությունը

Ամենամեծ բացթողումը․ զինապարտներն օրենքով չեն կարող բողոքարկել բժշկի եզրակացությունը

Զինապարտների առողջական վիճակի փորձաքննության բժշկական ակտն օրենսդրորեն բողոքարկման ենթակա չէ։ Լրագրողների հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դա որակել է որպես ոլորտի ամենամեծ բացթողում։

Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը պատճառաբանում է, որ բժշկական ակտը չի կարող բողոքարկվել, քանի որ դա բժշկական փաստաթուղթ է։ Սաքունցի խոսքով, սակայն, այդ ակտը սահմանում է կոնկրետ իրավունքներ ու պարտականություններ, այսինքն՝ վարչական ակտ է և պետք է ենթակա լինի վարչական դատարանում բողոքարկման։

Իրավապաշտպանն ընդգծել է, որ նման մեխանիզմի բացակայությունը բերում է լուրջ խնդիրների, քանի որ, հայտնվելով բանակում, նորակոչիկներն արդեն խուսափում են բողոքարկել բժշկական եզրակացությունները։

«Մի քանի դեպքերում զինծառայողները, դժգոհ լինելով բժշկական եզրակացություններից, հրաժարվել են բանակ գնալ։ Նման դեպքերում սկսվում է քրեական գործ՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով։ Մենք մեր զեկույցում (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զորակոչիկների մասին զեկույցը֊ խմբ․) նշում ենք 3 դեպքի մասին․ մարդիկ ձմեռային զորակոչով զինակոչվել էին, սակայն հրաժարվել են գնալ, նրանց նկատմամբ հետապնդում է սկսել, իսկ ամառային զինակոչին՝ բժշկի եզրակացությունն այլ է եղել, ու այդ մարդիկ ազատվել են բանակից»,֊ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանը։

Երկրորդ խնդիրը, ըստ իրավապաշտպանների, այն է, որ բժիշկներն անկախ չեն եզրակացությունները կազմելիս և խուսափում են այնպիսի եզրակացություն տալ, որով զինակոչիկն ազատվում է զինծառայությունից։

Սաքունցի խոսքով՝ 2013 թվականին ընդունված Պաշտպանության նախարարի 410 հրամանով զինակոչիկների իրավունքներն ավելի են սահմանափակվել, մասնավորապես, խստացվել է այն հիվանդությունների ցանկը, որոնցով զինծառայողներն ազատվում են բանակից կամ տարեկետում ստանում։ Նաև չեն ուսումնասիրվում մի քանի հիվանդությունների համակցության դեպքերը։

«Այսինքն՝ բաց է թողնվում տրամաբանությունը, որի համաձայն՝ մի անձի մի քանի հիվանդությունների համակցությունն ազդում է նրա վրա, և դրանք որպես տարբեր մարդկանց հիվանդություններ, ուսումնասիրելը անիմաստ է»,֊ ասել է Սաքունցը։

Արմինե Սադիկյանն էլ հավելել է, որ զինակոչիկին բուժհաստատությունում չեն տրամադրում իր վերաբերյալ փաստաթղթերը՝ այդ քայլին գնալով միայն բողոքի, առանձին դիմումի դեպքում։

«Ասում են, որ այդքան տպիչ սարքեր չկան, որ բոլորին տանք, մինչդեռ դա տրամադրելը պարտադիր է օրենքով»,֊ ասել է Սադիկյանը։