Home / Տեսանյութեր / Հոգևորականներին ազատում են բանակից առանց հիմնավորման

Հոգևորականներին ազատում են բանակից առանց հիմնավորման

2014 թվականի ձմեռային և 2015 թվականի ամառային զինակոչի ընթացքում Կառավարության հատուկ որոշումներով զինվորական ծառայությունից ազատվել կամ տարեկետում է ստացել 106 հոգևորական։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Սադիկյանը։

Նրա խոսքով՝ այս թվով հոգևորականներ ազատվել են միայն կառավարության որոշումներով, որը տարեկետում կամ ազատում ստանալու ձևերից մեկն է՝ ի թիվս առողջական և այլ հիմնավորումներով որոշումների։

Սադիկյանի խոսքով՝ Կառավարության որոշումներում հոգևորականներին չզորակոչելու որևէ հիմնավորում չի եղել։

«Ընդ որում՝ կայացվել է ազատման կամ տարեկետման մասին 2014 թվականի ձմեռային զինակոչի համար 47 որոշում, որոնցից 21֊ը՝ հոգևորականների մասով, իսկ 2015 թվականի ամառային զինակոչին՝ 98 որոշում, որոնցից 85֊ը՝ հոգևորականների մասով»,֊ ասել է Սադիկյանը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշել է, որ այս թիվը հետաքրքրական է հատկապես եթե հաշվի առնել, որ Հայ առաքելական եկեղեցին մեղադրում է այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին այն բանի համար, որ դրանց հետևորդները խուսափում են զինվորական ծառայությունից։