Home / Հայաստան / Ադրբեջանական կողմը կրակել է սահմանամերձ գյուղերում բերք հավաքողների ուղղությամբ․ «ՀԺ»

Ադրբեջանական կողմը կրակել է սահմանամերձ գյուղերում բերք հավաքողների ուղղությամբ․ «ՀԺ»

Երեկ ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Երեկ առավոտյան Տավուշի մարզի Այգեհովիտ համայնքի խաղողի այգիներից մեկում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից «Նիսսան» մակնիշի մեքենա է վնասվել: Այս մասին «ՀԺ»֊ի հետ զրույցում հայտնել է Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Այգեհովիտ համայնքի Կայան բնակավայրի բնակիչ Արթուր Թամրազյանն իր ավտոմեքենայով խաղողաքաղի նպատակով մարդկանց է տեղափոխել այգիներ։

«Կրակոցից ամբողջությամբ փշրվել է մեքենայի ետնապակին: Ամբողջությամբ գնդակոծվել է մեքենայի աջակողմյան մասը: Բարեբախտաբար՝ որևէ անձ չի տուժել: Էս պահի դրությամբ, համայնքի՝ սահմանին հարակից այգիներում խաղողաքաղը դադարեցված է», – պատմել է Այգեհովիտ համայնքի ղեկավարը:

«ՀԺ»֊ն գրում է, որ կրակոցներ են արձակվել նաև Չորաթան գյուղի խաղողի այգիների ուղղությամբ, որտեղ մոտ երկու տասնյակ գյուղացիներ բերքահավաք են իրականացրել։

Գյուղի բնակիչ Սվետլանա Գալստյանն ասել է, որ դիպուկահարները կրակում են նաև գյուղացիների ուղղությամբ․ «Ժողովուրդը չգիտի՝ ինչ անի։ Այսօր պետք է խաղողը քաղենք, բայց չենք կարողանում, չոքեչոք ենք հավաքում», ֊ ասել է գյուղի բնակիչը՝ ընդգծելով, որ տուժածներ չեն եղել։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում