Home / Հայաստան / Ապօրինի ծառահատումներ՝ Սյունիքի մարզում․ անտառները վտանգված են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապօրինի ծառահատումներ՝ Սյունիքի մարզում․ անտառները վտանգված են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սյունիքի մարզի անտառները վտանգված են, այնտեղ մեծ թվով ապօրինի ծառահատումներ են իրականացնում։ Այս մասին տեղեկացնում է «Համահայկական բնապահպանական ճակատ» (ՀԲՃ) նախաձեռնությունը։

Նախաձեռնության ներկայացուցիչները սեպտեմբերի 20-ին այլցելել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության տարածք, որտեղ լուսանկարել ու տեսանկարահանել են բազմաթիվ հատված ծառեր, էլեկտրական սղոցներ, հատված ծառերով բարձված առանց պետհամարանիշների մեքենաներ։

«Ակնհայտ է, որ սա կազմակերպված և վերևներից հովանավորվող գործընթաց է, որի տարբեր օղակներն իրար հետ համագործակցելով կամաց-կամաց ոչնչացնում են Հայաստանի առանց այն էլ սակավաթիվ անտառները՝ տուրք տալով իրենց գումար աշխատելու մոլուցքին։

Հարց է առաջանում, թե ինչով են զբաղված անտառների պահպանության համար պատասխանատու պետական լիազոր մարմինները՝ հատկապես «Հայանտառը», որի ղեկավարությունը, մեր կարծիքով, ցուցաբերում է հանցավոր անտարբերություն։ Վաղուց է անհրաժեշտ այս ոլորտում իրականացնել լուրջ համակարգային փոփոխություններ, հակառակ դեպքում 50-100 տարի հետո մենք հնարավոր է վերջին հրաժեշտը տանք մեր անտառներին», ֊ ասված է ՀԲՃ֊ի տարածած հաղորդագրության մեջ։

Տեսանյութը և լուսանկարը՝ ՀԲՃ֊ի