Home / Հայաստան / Թուրքիայի արևելքում շարունակում են գրոհել զինվորականների ու ոստիկանների վրա

Թուրքիայի արևելքում շարունակում են գրոհել զինվորականների ու ոստիկանների վրա

Թուրքիայի հարավ֊արևելքում՝ Վան քաղաքում, երկուշաբթի երեկոյան՝ սեպտեմբերի 21-ին, պայթեցվել է թուրքական բանակի ռազմական մեքենա, որի հետևանքով 13 զինվոր է վիրավորվել։ Ինչպես նշում է «Դողան» լրատվական գործակաությունը, մեքենան պայթեցրել են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները։ Վիրավորները տեղափոխվել են Վանի Բաշքալե արվարձանում գտնվող հիվանդանոց։

Սեպտեմբերի 21-ին PKK֊ի ներկայացուցիչները հարձակում են կազմակերպել նաև Թունջելի նահանգի Հոզաթ քաղաքի ոստիկանապետի մեքենայի վրա։ Ոստիկանապետ Ադեմ Ալբայը և նրան ուղեկցող ոստիկանը հրազենային վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։

Նշենք, որ նման միջադեպեր քրդերով բնակեցված երկրի արևելքում գրացնվում են գրեթե ամեն օր։ Համաձայն թուրքական մամուլում տարածվող տեղեկատվության, հուլիսից սկսած, երբ սրվել է PKK-ի ու կառավարական զորքերի միջև հակամարտությունը, սպանվել է մոտ 200 թուրք զինվոր ու ոստիկան։ Ոչ պաշտոնական տվյալներով, թուրքական բանակի գործողությունների հետևանքով մահացել է PKK֊ի մի քանի հարյուր զինյալ։