Home / Հայաստան / Իրանը պատրաստ է Հայաստանին ու Վրաստանին նավթ տալ ջրի դիմաց

Իրանը պատրաստ է Հայաստանին ու Վրաստանին նավթ տալ ջրի դիմաց

Ուրմիա լիճը վերականգնելու նախագծի շրջանակում՝ Իրանը պատրաստ է նավթ ու գազ տալ Հայաստանին ու Վրաստանին ջուր ներկրելու դիմաց։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Ալի Ալիլուն։

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում Սևանա լիճն ու Վրաստանում Կուր գետն այն աղբյուրներն են, որոնք կարող են ջուր տրամադրել Ուրմիա լճի վերականգնման համար։ Ալիլուն հավելել է, որ գիտնականներն արդեն հետազոտել են Հայաստանից ու Վրաստանից ջուր ներկրելու հնարավորությունը։

Ուրմիա լճի վերականգնման հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչ Խալիլ Սային, իր հերթին, ասել է՝ նախագիծը դեռ վերջնական չէ, քանի որ դեռևս կան ծրագրին դեմ հանդես եկողներ։

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին սեպտեմբերի 3֊ին իր վրաստանցի գործընկեր Դավիթ Ուսուպաշվիլիի հետ կայացած հանդիպմանը ևս քննարկել է նախագիծն ու նավթ առաջարկել ջրի դիմաց, ասել է Սային։

Սային, որպես ավելի մատչելի տարբերակ, առաջարկել է նաև ջուր ներկրել Թուրքիայի տարածքում գտնվող Վանա լճից։

Մերձավոր Արևելքի երբեմնի ամենախոշոր լիճը՝ Ուրմիան, որն ունի մոտ 5,200 քառակուսի կմ մակերես, ներկայումս գտնվում է ցամաքելու եզրին։ Վերջին 13 տարվա ընթացքում ջրի մակարդակն իջել է 6 մետրով, ու լիճը կորցրել է իր ջրի 85 տոկոսը։

Նշենք, որ Հայաստանը նույնպես կանգնել է ջրի պակասի խնդրի առջև։ Մասնավորապես, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» (ՄԷՋ) ծրագրի ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ վերջին 6-8 տարիների ընթացքում Արարատյան դաշտավայրում էապես նվազել են ստորերկրյա ջրային ռեսուրսների մակարդակը և աղբյուրների ջրատվությունը:

«Արարատյան դաշտի ավելի քան 30 համայնքներում ներկայում զգացվել է խմելու և ոռոգման ջրի պակաս, ինչը բացասաբար է ազդում նշված համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի վրա», ֊ նշել էին ուսումնասիրության հեղինակները։