Home / Հայաստան / Բանտարկված թուրքահայ լեզվաբանին թույլ չտվեցին պատգամավորի թեկնածու դառնալ

Բանտարկված թուրքահայ լեզվաբանին թույլ չտվեցին պատգամավորի թեկնածու դառնալ

Թուրքիայի Գերագույն ընտրական խորհուրդը մերժել է թուրքահայ մտավորական Սևան Նշանյանի պատգամավորական թեկնածության դիմումը։ Նոյեմբերի 1֊ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին Նշանյանի թեկնածությունն առաջադրել էր Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը։

Թուրքահայ լեզվաբանը ներկայումս գտնվում է ազատազրկման մեջ Թուրքիայի մշակութային ու բնական արժեքների վերաբերյալ օրենքը խախտելու մեղադրանքով՝ «պաշտպանության տակ գտնվող անշարժ մշակութային արժեքներին դիտավորությամբ վնաս պատճառելու» համար։ Նշանյանը 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2014 թվականի ձմռանը Իզմիրի Շիրինջե գյուղից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող իրեն պատկանող հողամասում տուն կառուցելու համար։

«Գերագույն ընտրական խորհուրդը մեզ տեղեկացրեց, որ Սևան Նշանյանի թեկնածությունը չի հաստատվի, քանի որ նա [առանց թույլտվության] շինություն է կառուցել: Մենք գիտեինք, որ բարդ կլիներ Նշանյանին թեկնածու դարձնել, բայց, այնուամենայնիվ, կարևոր է ուշադրության արժանացնել այն փաստը, որ նա տարիներ կանցկացնի բանտում թույլտվության դրոշմ չստանալու պատճառով»,֊ «Դիքեն» լրատվական գործակալությանն ասել է ԼԴԿ֊ի գլխավոր քարտուղարի տեղակալ Թարըք Բեյհանը։

Սևան Նշանյանը հայտնի է Թուրքիայի կառավարության հասցեին իր քննադատական վերաբերմունքով, ու շատերը պնդում են՝ նա կալանավորվել է քաղաքական շարժառիթներով։ Թարըք Բեյհանը, մասնավորապես, ևս մեկ անգամ կրկնել է, որ ապօրինի շինության մեղադրանքը միայն պատրվակ էր նրան ազատազրկելու համար, և ԼԴԿ֊ի համար «կարևոր է ուշադրություն հրավիրել այս անարդարությանը»։