Home / Հայաստան / Ոստիկանի հարվածից լսողությունը կորցրած տղամարդը պնդում է՝ քրգործը քնեցնում են․ «ՀԺ»

Ոստիկանի հարվածից լսողությունը կորցրած տղամարդը պնդում է՝ քրգործը քնեցնում են․ «ՀԺ»

Ոստիկանի հարվածից ձախ ականջի լսողությունը կորցրած 67-ամյա Հակոբ Նազարի֊Դեխնավին դժգոհ է իրեն ապտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործքի ընթացքից։ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում նա ասել է, որ քննության ընթացքը ձևական բնույթ է կրում։

«Քրեական գործի հարուցումից և ինձ հարցաքննելուց հետո 17 օր է անցել, քննիչն ասել էր՝ կկանչեմ, բայց չի կանչում, գործը քնեցրել են, երևի վերևներից նեղում են իրեն, չեն թողնում, որ գործին համապատասխան ընթացք տա։ Ես ոչ միայն այդ ոստիկանից եմ բողոքում, ինքը կատարող է, հրամանն արձակել է իր հրամանատարը։ Եթե իր հրամանատարը չասեր՝ գնա, ծեծի, ջարդի, ես տեր եմ, նա երբեք իր ձեռքերին ազատություն չէր տա», ֊ ասել է տուժած տղամարդը։

Նազարի֊Դեխնավին ընդգծել է, որ իրեն հարվածած Արթուր Վարդգեսյանը շարունակում է աշխատել համակարգում, և սեպտեմբերի 11-ին Ազատության հրապարակում ծառայության է եղել։ Տուժողն նշել է, որ քանի դեռ Հայաստանում ներկայիս իշխանությունն է, գործը քնեցվելու է, և ինքը ելքեր է փնտրում, որպեսզի դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Տղամարդու խոսքով՝ հարվածից հետո իր ձախ ականջի լսողությունը, որ նախկինում 70 տոկոս էր, զրոյի է հավասարվել, իսկ աջ ականջը լսում է 20 տոկոսով։

Նշենք, որ Արթուր Վարդգեսյանը Հակոբ Նազարի֊Դեխնավիին հարվածել էր օգոստոսի 21-ին Ազատության հրապարակում՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող «Ոտքի Հայաստան» նախաձեռնության ակցիայի ժամանակ։

Տուժողի հետ զրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում