Home / Տեսանյութեր / «Որպեսզի Սերժի մանկլավիկները, մենթակերպները չկարողանան կեղծել հանրաքվեի արդյունքները»

«Որպեսզի Սերժի մանկլավիկները, մենթակերպները չկարողանան կեղծել հանրաքվեի արդյունքները»

Սերժ Սարգսյանը չի կարողացել հարմար թեկնածու գտնել նախագահի պաշտոնը փոխանցելու համար, ինչպես Ռոբերտ Քոչարյանը արեց 2008֊ին՝ պատրաստելով Սերժ Սարգսյանին։ Այդ իսկ պատճառով վերջինս նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունները՝ իր կլանի երկարակեցությունն ապահովելու համար։ Այս մասին այսօր Գյումրիում «Չեք անցկացնի» նախաձեռնության հրավիրած հանրահավաքի ժամանակ ասել է Գյումրիի ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի վարչության նախագահ Լևոն Բարսեղյանը։

Նա ընդգծել է, որ նույն գրչակները, ովքեր հիմա են գրել Սահմանադրության նախագիծը, 2005 թվականին էլ Սահմանադրություն գրեցին՝ խոստանալով, որ այլևս պրոբլեմ չի լինելու։

Գյումրիի ավագանու անդամի խոսքով՝ դա, սակայն, Ռոբերտ Քոչարյանին չխանգարեց սահմանից զորքեր բերել խաղաղ ցուցարարների վրա 2008-ի նախագահական ընտրություններից հետո:

«Սերժ Սարգսյանը զավթել է իշխանությունը մարտի 1-ին 10 սպանվածների կյանքի գնով, 1400 բանտարկվածների և 130 քաղբանտարկյալների առողջության գնով: Սերժիկը մոգոնել է այս ամենն իր կլանի երկարաձգության համար, բայց խոստանում է, որ ինքը էլ պաշտոն չի ուզելու: Քանի՞ հոգի կա Սերժիկի խոստումներին հավատացող, ձեն հանեք: 7 տարի առաջ խոստացել է, որ աղետի գոտում անօթևաններ չպիտի լինեն, Գյումրին 4000 անօթևան ընտանիք ունի: Էդ մարդը տեղյակ չէ՝ ինչ է տեղի ունենում երկրում: Սահմաններում էդ իրավիճակը, 100-ավոր միլիցա է հանել, շարել ճամփեքին, եկել է [Գյումրի] եկեղեցի բացելու։ Առանց քեզ էլ կբացեն եկեղեցին, հանգիստ թողեք եկեղեցիները»,- ասել է Լևոն Բարսեղյանը:

Բարսեղյանը կարևորել է հանրաքվեի օրն ընտրատեղամասերում դիտորդների առկայությունը, ովքեր, նրա խոսքով, պետք է պայքարեն ընտրակեղծիքների դեմ։

«Պիտի ունենալ յուրաքանչյուր տեղամասում առնվազն 2 հոգի։ 2 հազար տեղամաս ունենք։ 4 հազար կարգին մարդ է պետք՝ ուժեղ, խելացի, կամքը տեղը, չխեղճացող, որպեսզի մարդավարի հսկեն տեղամասերի ներսում տեղի ունեցողը։ Որպեսզի Սերժի մանկլավիկները, ծախու կենդանիները, իրենց մենթերը, մենթակերպները չկարողանան կեղծել հանրաքվեի քվեարկության արդյունքները, չկարողանան լցոնեն, չկարողանան բացակաների փոխարեն քվեարկել։ Այդ գործը աղոթելով չի լինում։ Եթե կկարողանա նկարել այդ թվերը, ուրեմն հալալ է իրան։ [Ուրեմն] քիչ է արել մեզ, քիչ է արել ձեզ։ Հիմիկվանից գրին քարտի հերթագրվեք ու գաղթեք ստեղից։ Ոչ ոք չի պատրաստվում զիջել։ Նահանջի տեղ իսկապես չկա, ժողովուրդ: Բոլորը զզվել են։ Իր միլիցեքը նույնիսկ զզվել են, իր կգբշնիկները նույնիսկ հոգնել են։ Ժողովուրդ, չենք զիջելու ոչ մի բան»,- ասել է Լևոն Բարսեղանը: