Home / Հայաստան / Տապալել սահմանադրական փոփոխությունները՝ ինքնակազմակերպվելով

Տապալել սահմանադրական փոփոխությունները՝ ինքնակազմակերպվելով

Եթե ամեն տանը կա հեռուստացույց, որով իշխանությունը քարոզչություն է տարածում, ապա յուրաքանչյուր տուն ունի նաև լվացքի պարան, որից կարելի է կոչեր կախել՝ ««ոչ» եմ ասում սահմանադրության փոփոխություններին», «քվեարկում եմ՝ ոչ»: Այսօր Գյումրիիում սահմանադրական փոփոխությունների դեմ հանրահավաքի ընթացքում իշխանության նախագծի դեմ պայքարի յուրաքանչյուր հարթակ օգտագործելու կոչ է արել Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանը:

«Մենք բոլորս գնում ենք դասի, աշխատանքի, գնումներ անելու, մեր պայուսակի վրա կարող ենք գրել, մեր հագուստի վրա կարող ենք մի բան նկարել, վրան էլ տեքստը գրել: Այդ կերպ կարիք չունենք դրոշակներ բռնելու, դռնեդուռ ընկնելու։ Մենք մեզնով պետք է իրազեկման գործողություն անենք»,- ասել է Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունների նախագծի դեմ ուղղված բոլոր ոչ բռնի գործողությունները իմաստ ունեն, և այս պայքարի ընթացքում մարդկանց հարկավոր չեն կուսակցություններ և առաջնորդներ, կարևորը ինքնակազմակերպվելն է։

«Ցանցային միջոցներով կարող ենք տապալել այս գործընթացը։ Իսկ դա նշանակում է՝ չփնտրել լիդերների, չսպասել, թե մեզ ինչ կասեն։ Շատ հստակ է նպատակը՝ սահմանադրական չարեփոխումների գործընթացը պետք է տապալել», ֊ նշել է Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամը։

Ելույթ ունեցողը նաև կարևորել է հանրաքվեի օրը դիտորդական առաքելության իրականացումը։ Նա կոչ է արել սեփական ցանկությամբ շահագրգռված լինել, մասնակցել որպես դիտորդ, թույլ չտալ կեղծել հանրաքվեն:

«Ոչ ոք չպիտի գա ձեզ խնդրի, դուք ինքներդ պետք է մասնակցեք: Եթե մենք ամեն ընտրատարածքում ունենք մի դիտորդ, կվերահսկենք և կհաղթենք», – ասել է Շահնազարյանը: