Home / Տեսանյութեր / Քննիչի և դատախազի քայլերը հանգեցրել են կանանց նկատմամբ նոր բռնության․ փաստաբան

Քննիչի և դատախազի քայլերը հանգեցրել են կանանց նկատմամբ նոր բռնության․ փաստաբան

Քննիչի և դատախազի կողմից թույլ տրված ուշացումների և վրիպակների պատճառով ընտանեկան բռնության և գույքային վնասի մասին երկու քրեական գործերի նախաքննությունները հայտնվել են փակուղում, իսկ տուժածների իրավունքները՝ ոտնահարվել։ Նման եզրակացության է եկել Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը՝ քննելով փաստաբաններ Գիվի Հովհաննիսյանի և Գարիկ Մալխասյանի բողոքները։ Դատարանը պարտավորեցրել է նախաքննական մարմնին վերացնել խախտումը։

Epress.am-ի հետ զրույցում Գիվի Հովհաննիսյանը պատմել է, որ իր վստահորդները երկու կանայք են՝ մայր ու դուստր․ նրանք բողոքել են դստեր ամուսնու կողմից բռնության ենթարկվելու մասին։ Նախաքննության համար սահմանված երկու ամիսը ավարտվել է, քննիչը դիմել է դատախազին ժամկետը երկարացնելու համար, սակայն, քանի որ պատշաճ դիմում ուղարկելը երեքօրյա ժամկետից ուշացել է, դատախազը չի բավարարել դիմումը։

«Փաստորեն, գործի նախաքննությունը դադարեցվել է։ Իսկ այդ ընթացքում հանցագործությունը կրկնվել է։ Կանայք նորից են ծեծի ենթարկվել, այդ անգամ արդեն տղամարդը կալանավորվել է։ Այսինքն ձգձգումը հանգեցրել է նոր հանցագործության»,֊ ասել է Գիվի Հովհաննիսյանը։

Փաստաբան Գարիկ Մալխասյանի ներկայացրած բողոքը վերաբերում է գույքային վնաս հասցնելու մասին գործի։ Տուժողի մեքենան վնասվել է այլ մեքենայի կողմից, սակայն նախաքննությունը դադարեցվել է՝ իրավունքի վերականգնումն անհնար դարձնելով։

«Այս գործով առաջին ատյանի դատարանը դիմել էր Սահմանադրական դատարան։ ՍԴ֊ն ընդունել էր, որ կա օրենսդրական բաց։ Պապոյանն ընդունել է որոշում՝ խախտումը վերացնել պարտավորեցնելու մասին։ Փորձը ցույց է տալիս, որ դատախազությունը այս որոշումը կբողոքարկի, ոչ թե կվերացնի սխալը։ Ենթադրում ենք, որ մինչ Վճռաբեկ դատարան կհասնենք»,֊ ասել է Գարիկ Մալխասյանը։