Home / Հայաստան / Դատարանը քննում է Անկարայի քաղաքապետին «գարշելի» անվանած թուրքահայ լրագրողի գործը

Դատարանը քննում է Անկարայի քաղաքապետին «գարշելի» անվանած թուրքահայ լրագրողի գործը

Թուրքահայ լրագրող ու քաղաքական վերլուծաբան Հայկո Բաղդատին երկուշաբթի հրավիրել են դատարան՝ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքի (լուսանկարում) կողմից նրա դեմ ներկայացված հայցի շրջանակում ցուցմունք տալու։ Բաղդատին մեղադրում են քաղաքապետին վիրավորելու մեջ, գրում է todayszaman.com կայքը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ լրագրողը թվիթերյան իր էջում Գյոքչեքին անվանել էր «գարշելի մարդ»։

Բաղդատը սեպտեմբերի 28֊ին դատարանի շենքի առջև լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր հակամարտությունը քաղաքապետի հետ իրականում սկսվել է այն բանից հետո, երբ ինքը Գյոքչեքին հայ է անվանել։

Բաղդատը քննադատել է այն, թե ինչպես է Գյոքչեքը էթնիկ բնութագրիչն օգտագործում որպես վիրավորանք՝ բացատրելով․ «Նա իր քաղաքական հակառակորդներին, հակառակորդների հանրահավաքների մասնակիցներին ու, ընդհանրապես, իրեն յուրաքանչյուր բարկացնողին հայ է անվանում։ Այս մեղադրանքն օգտագործվում է ապացուցելու համար, որ հայ լինելը, հայկական արմատներ ունենալը մարդուն դարձնում է դավաճան, քանի որ այս երկրում առկա բոլոր խնդիրները ծագել են հայերի պատճառով»։

Հիշեցնենք՝ մարտին Գերմանիայի Կանաչների կուսակցության պատգամավոր, ծագումով թուրք Ջեմ Օզդեմիրը կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ի պատասխան՝ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը «Թվիթերում» հետևյալ գրառումն էր արել. «Պարզապես հետաքրքիր է․․․Խնդրում եմ, Ջեմ Օզդեմիր, պատասխանիր՝ դու ծագումով հա՞յ ես»:

Հայկո Բաղդատն արձագանքել էր քաղաքապետի գրառմանը՝ Գյոքչեքին հայ անվանելով։

«Գյոքչեքին հայ էի անվանել այն իմաստով, ինչ իմաստով՝ նա է օգտագործում այդ բառը․ այդ պահին Գյոքչեքի հանդեպ զգում էի նույնը, ինչը Գյոքչեքին դրդել էր Ջեմ Օզդեմիրին հայ անվանել»,֊ սեպտեմբերի 28֊ին ասել է Բաղդատը։

Նա ընդգծել է, որ Թուրքիան երկիր է, որտեղ մարդիկ իրենց էթնիկ ծագման պատճառով ենթարկվել են հարձակումների, սպանվել են ու անգամ ցեղասպանության ենթարկվել։

«Մեր երեխաներին որակում են «հայ» ու նրանց կյանքը վտանգի ենթարկում Մելիհ Գյոքչեքի ու նրա նմանների գարշելի վերաբերմունքի պատճառով։ Սա լավ հնարավորություն էր այդ վերաբերմունքը մեկնաբանելու համար»,֊ հավելել է նա։

Նշենք՝ լրագրողը ռասիզմի ու ատելության հրապարակային դրսևորման համար դատական հայց է ներկայացրել Գյոքչեքի դեմ՝ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով։ Բաղդատի խոսքով, հայցը շահելու դեպքում ինքը պատրաստվում է փոխհատուցման գումարը նվիրաբերել Ալի Իսմայիլ Քորքմազի անվան հիմնադրամին։