Home / Տեսանյութեր / Ծեծից հետո մահացածի ընտանիքը չի վստահում դատախազին․ աղմկահարույց գործով դատ

Ծեծից հետո մահացածի ընտանիքը չի վստահում դատախազին․ աղմկահարույց գործով դատ

2014 թվականի հուլիսի 13-ին ծեծի ենթարկվելուց մեկ օր անց մահացած ազատամարտիկ, «Սուրմալու» գումարտակի անդամ Վարդան Թումանյանի գործով անցնող 3 ամբաստանյալներն այսօր դատարանում հայտարարել են, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը՝ խմբակային ծեծին մասնակցելը:

Նրանցից Սարգիս Ղուկասյանը դատարանին հայտնել է, որ հարվածել է Թումանյանին, սակայն նշել է, որ դա արել է մեկ անգամ: Ղուկասյանը, Վիկտոր Հովսեփյանը և Ջունգլ մականունով հայտնի Գևորգ Սարգսյանը, համաձայն դատախազ Յուրի Աղայանի մեղադրական եզրակացության, մեղադրվում են խմբակային ծեծի միջոցով Թումանյանի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու մեջ:

Աղայանի ձևակերպման հետ մահացած Թումանյանի իրավահաջորդը՝ Տանյա Մելքումյանը, համաձայն չէ։ Այսօր նա միջնորդություն է ներկայացրել դատախազին բացարկ հայտնելու մասին: Մելքումյանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը հիշեցրել է, որ դատախազը նախորդ նիստին հայտարարել է, որ դատաբժշկական երկու փորձաքննությունների միջև հակասություններ չկան և դրանք ընդամենը լրացնում են միմյանց:

«Այդ հայտարարությունն ակնհայտորեն անհիմն է, քանի որ, առաջին փորձաքննության համաձայն, Թումանյանի մահն անմիջական կապ ունի նրան ծեծի ենթարկելու հետ, իսկ երկրորդի համաձայն՝ Թումանյանը մահացել է, քանի որ ուներ ի ծնե արատ: Դատախազի հայտարարությունը վկայում է նրա սուբյեկտիվության, ամբաստանյալների պաշտպանի դերը ստանձնելու մասին», – ասել է Մուրադյանը:

Դատավոր Դավիթ Հարությունյանը միջնորդությունը մերժել է: Մերժվել է նաև ամբաստանյալ Վիկտոր Հովսեփյանի պաշտպան Կարեն Մկրտչյանի՝ իր պաշտպանյալի մասով գործը կարճելու միջնորդությունը։ Նախորդ դատական նիստին փաստաբանը նշել է, որ Հովսեփյանը բաժանում էր կրռվողներին, սակայն այսօր դատավորն ասել է, որ այս փուլում անհնար է անել այնպիսի եզրակացություն, թե ամբաստանյալներից մեկը անմեղ է և պետք է ազատվի: Նշենք, որ ամբաստանյալները դեպքից հետո ձերբակալվել էին, սակայն մի քանի ամիս անց ազատ էին արձակվել ստորագրության դիմաց։

Ավելի վաղ Epress.am֊ի հետ զրույցում Տանյա Մելքումյանը պատմել էր, թե ամբաստանյալներն իր ամուսնուն դաժան ծեծի են ենթարկել իր և իր դստեր աչքի առաջ։ Թումանյանի ընտանիքի անդամները պնդում են, որ Սարգսյանը մեծ գումարներ է ծախսել երկրորդ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստանալու համար, մինչդեռ իրենք համոզված են, որ ճիշտ է առաջին փորձաքննությունը։

Լուսանկարում՝ Գևորգ Սարգսյանը և Սարգիս Ղուկասյանը