Home / Հայաստան / ՔԿՀ֊ում դատապարտյալ է մահացել բուժօգնությունն ուշացնելու պատճառով․ «Ժողովուրդ»

ՔԿՀ֊ում դատապարտյալ է մահացել բուժօգնությունն ուշացնելու պատճառով․ «Ժողովուրդ»

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 26-ի վաղ առավոտյան բուժօգնությունն ուշացնելու պատճառով մահացել է դատապարտյալ Կարեն Ֆիթլջյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրին։

Թերթը նշում է, որ ՔԿՀ֊ում 2007 թվականից պահվող Աբովյան քաղաքի 34-ամյա բնակիչ Ֆիթլջյանը մի քանի օր շարունակ իրեն վատ է զգացել և այդ մասին տեղյակ է պահել ՔԿՀ պատասխանատուներին։

«Սակայն, ամենայն հավանականությամբ, ՔԿՀ֊ի պատասխանատուներն ընթացք չեն տվել դատապարտյալի բողոքին։ Արդյունքում սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը՝ 05։40 սահմաններում, Ֆիթլջյանի ինքնազգացողությունն այն աստիճան է վատացել, որ ՔԿՀ պատասխանատուները շտապօգնություն են կանչել, սակայն Կարենի կյանքը փրկել չի հաջողվել», ֊ գրում է «Ժողովուրդ»֊ը։

Քրեակատարողական վարչությունից թերթին հայտնել են, որ մահվան դեպքի առիթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Կարեն Ֆիթլջյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման ավազակային հարձակումներ կատարելու համար։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում