Home / Տեսանյութեր / Էլէներգիայի թանկացումը հիմնավորված է, պնդում է աուդիտ անցկացրած ընկերությունը

Էլէներգիայի թանկացումը հիմնավորված է, պնդում է աուդիտ անցկացրած ընկերությունը

Հայաստանում էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը՝ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը և սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը հիմնավորված է: Նման եզրակացության է եկել «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերությունը ՀԷՑ֊ում վերջին տարիներին ստեղծված իրավիճակը ուսումնասիրելուց հետո։

«ԴԵԼՈՅԹ»֊ը նշում է, որ սակագնի բարձրացման պատճառներից մեկն այն է, որ ՀԷՑ֊ն արտադրողներից ավելի թանկ գնով է ձեռք բերում էլէներգիան։

«Արտադրողների ծախսերի ավելացման 80%-ը պայմանավորված է եղել դրամի 25% արժեզրկմամբ և գազի գնի աճով (+14% 2013 թ.-ին): Մնացած 20%-ը պայմանավորված է հզորությունների անհրաժեշտ արդիականացմամբ և ընթացիկ վերանորոգումներով, որոնց արժեքը վերջին երեք տարիների ընթացում աճել է մեկ երրորդի չափով», ֊ նշված է ընկերության 1-ին փուլի հաշվետվության մեջ, որը ներկայացված է Հանձնաժողովի կայքում:

Այլ պատճառներից են ընկերության կողմից էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսումային ծավալների գնահատման ժամանակ արված սխալները և այն փաստը, որ 88 օրով ավելի տևած ՀԱԷԿ-ի երկրորդ բլոկի նորոգումը և կայանի չպլանավորված կանգը ստիպել են ընկերությանը էներգիայի ծավալի պակասորդը լրացնել Հրազդան ՋԷԿ-ի թանկ էներգիայով: Ըստ աուդիտորի՝ դրա հետևանքով ՀԷՑ֊ը ֆինանսական միջոցներ է կորցրել։ 

Ամբողջական հաշվետվությունը՝ այստեղ

Հիշեցնենք, որ «ԴԵԼՈՅԹ»֊ին հաշվետվությունը պատվիրել էր ՀՀ կառավարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգից հետո։ Վերջինս հունիսի 27-ին՝ էլէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների ժամանակ, հայտարարել էր, որ, իր կարծիքով, սակագնի բարձրացումն արդարացված է, սակայն «եթե եզրակացությունը հաստատի սակագնի ավելացման անհիմն լինելը, ապա կառավարությունը քայլեր կձեռնարկի Բաշխիչ ցանցերից ավել վճարված գումարը հետ գանձելու և թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության կանչելու համար»։

Մինչև աուդիտի ավարտը պետությունը պարտավորվել է մասամբ փոխհատուցել էլէներգիայի սակագնի բարձրացման տարբերությունը, սակայն սպառողներից շատերը բողոքում են, որ հաշիվները ստանում են բարձրացված սակագնով։