Home / Տեսանյութեր / «Եթե ամուսինը չի խփում, ուրեմն անտարբեր է»․ ՀՀԿ֊ականը հակադարձում է կանանց իրավունքների համար պայքարողներին

«Եթե ամուսինը չի խփում, ուրեմն անտարբեր է»․ ՀՀԿ֊ականը հակադարձում է կանանց իրավունքների համար պայքարողներին

«Հայաստանում շատ ավելի հրատապ հարցեր կան, քան ընտանեկան բռնության հարցն է», «Ո՞ր օրենքն է գործում Հայաստանում, որ նոր՝ ընտանեկան բռնության դեմ օրենք ընդունենք», «Մենք գենդերային հավասարություն չենք ուզում»: Այս և նման այլ հիմնավորումներով անցորդներն իրենց թերահավատությունն էին արտահայտում օրենքի անհրաժեշտության կապակցությամբ, որի ընդունման համար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն այսօր ակցիա էին անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև՝ պահանջելով ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքը։ Ակցիայի ընթացքում եղան մարդիկ, ովքեր հետաքրքրվում էին, հարցեր տալիս, վերցնում իրազեկող թռուցիկները, սակայն նրանց թիվը մեծ չէր։

Կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների անդամները, այնուամենայնիվ, վստահ են՝ օրենքի ընդունումը կարևոր է, քանի որ այդ պարագայում պետության կողմից ընտանեկան բռնության երևույթը կամրագրվի որպես հանցագործություն, և, այդպիսով, ընտանեկան բռնությունը չի դիտվի որպես «ներընտանեկան խնդիր», այլ՝ մարդու իրավունքների խախտում: Բացի դա, օրենքը մեխանիզմ կստեղծի պաշտպանելու զոհերին՝ սոցիալական և հոգեբանական աջակցության պարտավորություն վերագրելով պետությանը՝ հանձինս ոստիկանության, սոցիալական հարցերի նախարարության:

Ակցիայից հետո իրավապաշտպան Լարա Ահարոնյանը մասնակցել է «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում ընտանեկան բռնության խնդրին վերաբերող քննարկմանը, որի ժամանակ նշել է, թե թերահատվատություն և խնդրի արհամարհում կա ոչ միայն անցորդների, այլև պետական այրերի մոտ, ովքեր ի պաշտոնե պետք է կանխեն բռնությունը: Նա պատմել է, որ Զեյթունի ոստիկանության բաժնում անչափահասների հարցերով պատասխանատու ոստիկանն իր հետ զրույցում ասել է․ «Ես էլ մեկ-մեկ կնոջս խփում եմ, հո իմ կնոջն իմ դեմ չե՞ք հանի»:

«Երկրորդ դեպքը. երբ մենք քաղաքապետարանում իրազեկում էինք այսօրվա ակցիայի համար, մեզ ասացին, որ չկա այդպիսի բան Հայաստանում, մենք հորինում ենք: Հետո ասացին՝ չկա տղամարդ, որ իր կնոջը չի ծեծում, մեկն էլ ասաց՝ ես, օրինակ, իմ կնոջը խփում եմ, ուժեղացնում եք, որ իմ դե՞մ դուրս գա», – պատմել է Ահարոնյանը:

Քննարկման մեկ այլ մասնակից, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը, իր հերթին, դժգոհել է կազմակերպությունների գործելաոճից:

«Մենք ունենք ֆոլկլյոր, ֆիլմ ունենք, որտեղ կինն ասում է՝ եթե ամուսինը չի խփում իրեն գոնե մի հատ, ուրեմն անտարբեր է: Մենք այդ ֆոլկլյորը սիրում ենք: Դա ձեր ասածների հետ չեմ ուզում կապել, որովհետև ինքս բացառում եմ բռնությունը, ես համարում եմ, որ ուժեղ տղամարդը ձեռք չի բարձրացնում կնոջ վրա․․․ իսկ այդ տղամարդուն մեծացնողն ի վերջո կինն է»,- ասել է Աճեմյանը:

Նրա խոսքով՝ այն բացառիկ դեպքերը, որոնք առանձնանում են դաժանությամբ, օրինակ, սպանության դեպքերը, պետք է պատժվեն, և քրեական դատավարության օրենսգիրքը դրա հնարավորությունները տալիս է:

«Բայց կան դեպքեր, որոնք պարզապես խելամիտ միջամտության կարիք ունեն և պետք է ընտանիքը վերադարձնել իր հունին։ Ոչ թե կնոջն իր իրավունքների մասին այնպես իրազեկել, որ կինը չուզենա ընտանիքի հետ շփվել: Սա նուրբ հարց է»,- ասել է Կարինե Աճեմյանը: