Գլխավոր / Հայաստան / Փաստաբաններն իրար են ծեծել ու իրար վրա «մարդ բերել»․ «Հրապարակ»

Փաստաբաններն իրար են ծեծել ու իրար վրա «մարդ բերել»․ «Հրապարակ»

Վերջերս բավական աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել Փաստաբանների պալատում, նիստի ժամանակ։ Ըստ «Հրապարակ» օրաթերթի տեղեկությունների՝ ինչ֊որ հարցի շուրջ տարաձայնություն է առաջացել փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Տիգրան Խուրշուդյանի միջև։ Վեճն այնքան է թեժացել, որ Խուրշուդյանը ձեռքի տակ եղած պլաստմասե շշով հարվածել է Սահակյանին։ Վերջինից պաշտպանել է գործընկերը՝ Երվանդ Վարոսյանը, թեժ վիճաբանություն և քաշքշուք է եղել։

«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ Վարոսյանն ու Սահակյանը հատկապես զբաղվում են աղմկոտ քրեական գործերով։

«Պալատում, նիստի ժամանակ տեղի ունեցած վիճաբանությունը շարունակվել է դրսում՝ իրար վրա մարդ բերելով, ըստ որում՝ ասում են, թե անգամ գողականների են խառնել։ Այս միջադեպի վերաբերյալ Վարոսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել», — նշում է օրաթերթը։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Խուրշուդյանը հարցը լսելուն պես ոչ այդքան վստահ կերպով հերքել է պատահարը։ Թերթը նշում է, որ նրա խոսելու կցկտուր տոնից կարելի էր կռահել, որ դա ավելի շատ հաստատում է, քան հերքում․ «Ոչ, նման բան չկա, չեմ հասկանում, ինչի մասին է խոսքը»։ Ապա փորձել է ճշտել, թե ով է այդ տեղեկությունը տվել։

Երվանդ Վարոսյանը, լսելով հարցն, ասել է․ «Կարգապահական վարույթ է հարուցված Փաստաբանների պալատում, և դրա քննարկումը դեռ շարունակվում է, որի ավարտից հետո, մեկնաբանության անհրաժեշտության դեպքում, ես հրապարակավ հանդես կգամ»։ Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ կարգապահական վարույթը հարուցվել է հաև նրա նկատմամբ։ Այլ անուններ Վարոսյանը չի նշել։

«Մեր զրույցից մի քանի րոպե անց այս անգամ արդեն մեզ զանգահարեց պարոն Վարոսյանը և հետաքրքրվեց, թե ով է մեր աղբյուրը, ու խնդրեց այս պահին չհրապարակել նյութը՝ սպասել վարույթի ավարտին, որը բաց է լինելու, և կարող ենք լուսաբանել», — գրում է թերթը։ Լուսինե Սահակյանը նույնպես հետաքրքրվեց, թե որտեղից է այդ ինֆորմացիան, ապա ասաց, որ այդ կապակցությամբ հարցազրույց չի տալիս։