Home / Հայաստան / Նախկին դատախազի որդուն հափշտակության մեջ մեղադրող ռուս գործարարներին տուժող են ճանաչել

Նախկին դատախազի որդուն հափշտակության մեջ մեղադրող ռուս գործարարներին տուժող են ճանաչել

Շուրջ 6 տարվա ընթացքում մոտ 70 քաղհայցերով արդյունքի չհասնելով՝ ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Կոտովը և Դմիտրի Աֆոնինը հաղորդում են ներկայացրել այն մասին, որ 2005-2006 թվականներին իրենցից խարդախությամբ գումար է հափշտակել խորհրդային տարիներին Հայաստանի գլխավոր դատախազ Սուրեն Օսիպովի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանը (լուսանկարում): Համաձայն հաղորդման՝ Տեր-Հովսեփյանը հափշտակել է մոտ 5 միլիոն դոլար:

Գործարարների շահերը պաշտպանող «Վելես» իրավապաշտպանական ՀԿ-ի ղեկավար Մարինա Պողոսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ քաղաքացիական վարույթներով արդյունքի չհասնելը պայմանավորված է նրանով, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը, վայելելով Կորեպանովի վստահությունը, հայաստանյան կառույցների հետ հայերենով թղթաբանությունն այնպես է վարել, որ մինչև հիմա կարողանում էր արդարադատությունից խուսափել:

Տուժող Կորեպանովը պնդում է, որ Տեր-Հովսեփյանի հետ համատեղ բիզնես է նախաձեռնել 2005 թվականին: Նախկին դատախազի որդին ասել է, որ իր մայրը Արամի 38 հասցեում հող ունի, և այնտեղ կարելի է բարձրահարկ շենք կառուցել՝ պարզապես ներդրում անող չկա: Կորեպանովը համաձայնել է ներդրումներ անել:

Կորեպանովի խոսքով՝ Տեր-Հովսեփյանն իրեն համոզել է նաև հողը գնել՝ փաստաթղթերում, սակայն, գրելով «Տեր-Հովսեփյան» անունը՝ պատճառաբանությամբ, թե «հային չեն համարձակվի քցել»:

Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Քննիչ Նազարյանը նաև որոշում է կայացրել ռուս գործարարներին ճանաչել տուժող, և այս կարգավիճակով գործարարները առաջիկայում հարցաքննվելու են և ներայացնելու են միջնորդություններ խարդախության բացահայտման վերաբերյալ: