Home / Հայաստան / Սահմանադրությունը փոխելը վտանգավոր է Հայաստանի ապագայի համար, վստահ է Ռոբերտ Քոչարյանը

Սահմանադրությունը փոխելը վտանգավոր է Հայաստանի ապագայի համար, վստահ է Ռոբերտ Քոչարյանը

Սահմանադրական փոփոխությունների որևէ անհրաժեշտություն չկա, այն էլ այսպիսի՝ արմատական բնույթի: Այս մասին 2rd.am կայքի հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների նախագծին, որն ընդունելու դեպքում Հայաստանը կանցնի խորհրդարանական կառավարման։

«Երկրի առջև ծառացած բոլոր խնդիրներն ու մարտահրավերները լիովին լուծելի են գործող սահմանադրության շրջանակներում, որի ֆունկցիոնալությունը որևէ մեկը կասկածի տակ չի առնում: Հրապարակված նախագիծը գերազանցեց իմ վատագույն սպասումները: Խոսքն արդեն պետության կառավարման կիսանախագահական և խորհրդարանական ձևերի միջև ընտրության մասին չէ: Սահմանադրության նախագիծը իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն՝ դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում: Սովետական սահմանադրությունը լեցուն էր գեղեցիկ բառերով, սակայն ԽՄԿԿ ղեկավարող և ուղղորդող դերի մասին 6-րդ հոդվածը օրինականացնում էր կոմունիստների քաղաքական մենաշնորհը: Թե արդյունքում ինչ եղավ ԽՍՀՄ-ի հետ՝ հայտնի է բոլորին: Սահմանադրության նախագծի հագեցվածությունը մարդու իրավունքների և պետության սոցիալական նպատակների մասին ընդհանրական գեղեցիկ բառակապակցություններով կարծես նպատակ ունի քողարկել Ազգային ժողովի կազմավորման բացարձակապես անընդունելի ձևը, որը բովանդակազրկում է խորհրդարանական կառավարման բուն էությունը:

Նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովել մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում, այն է՝ իշխանության մեջ: Մեր իրողություններում, անկախ իր վայելած ժողովրդականությունից, դա կլինի այն կուսակցությունը, որ տիրապետում է ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսների: Իսկ հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը, հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատև չարիք, լճացման աղբյուր և արատավոր համակարգի վերարտադրման գործիք: Փաստորեն, առաջարկված նախագիծը քաղաքական մենաշնորը դարձնում է սահմանադրական նորմ:

Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար», ֊ ասել է ՀՀ երկրորդ նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1998-ից 2008 թվականները։ 2008 թվականի նախագահական ընտրություններում սատարել է այն ժամանակվա վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նախագահական ընտրություններից հետո ՀՀ նախագահի թեկնածու, երկրի առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի կողմնակիցները բարձրաձայնել են ընտրակեղծիքների մասին, որոնց օգնությամբ Սերժ Սարգսյանը հաղթանակ է տարել առաջին փուլում։ 10 օր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ խաղաղ հավաք են անցկացրել Ազատության հրապարակում։ 2008 թվականի մարտի 1-ին իշխանություններն օրենքի խախտումով, ուժի կիրառմամբ ցրել են Ազատության հրապարակում հավաքվածներին, այնուհետև ներգրավել են բանակը և հրազեն կիրառել Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ցուցարարների դեմ, ինչի հետևանքով 10 մարդ մահացել է։ Մինչ օրս մահվան դեպքերի համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։