Home / Տեսանյութեր / ՀՀԿ֊ականը վստահ է՝ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներն արտասահմանում միասնական են

ՀՀԿ֊ականը վստահ է՝ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչներն արտասահմանում միասնական են

2016 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ պետք է քննարկվի նաև Հանրային հեռուստաընկերության միջոցների ավելացումը: Այսօր Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ Ազգային ժողովում նման առաջարկով է հանդես եկել ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։

Նա նշել է, որ Հանրայինը պետք է իրեն թույլ տա նկարահանող խումբ ուղարկել նաև միջազգային կառույցներ՝ այնտեղ հնչած հայաստանցի քաղաքական գործիչների ելույթները լուսաբանելու նպատակով:

ՀՀԿ֊ականը նշել է, որ տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր տարաձայնություններ ունեն երկրի ներսում, միջազգային կառույցներում միասնական են ներկայանում:

«Տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ եղել եմ տարբեր խորհրդաժողովներում, և, փառք ու պատիվ բոլորին, երբ մենք Հայաստանի սահմանն անցնում ենք, կուսակցական պատկանելությունը երկրորդական է դառնում։ Ու տենց էլ պետք է լինի, մենք բոլորս Հայաստան  աշխարհի զավակներն ենք ու այնտեղ բոլորն իրենց պարտականությունը կատարում են»,- ասել է Շարմազանովը:

Նշենք, սակայն, որ, մասնավորապես, ԵԽԽՎ֊ում հայաստանյան ընդդիմության ներկայացուցիչները՝ Լևոն Զուրաբյանը և Զարուհի Փոստանջյանը միշտ չէ, որ կիսել են իշխանական պատգամավորների կարծիքը տարբեր հարցերի շուրջ և հնչեցրած ելույթներում քննադատել են գործող իշխանություններին։

2013 թվականին Զարուհի Փոստանջյանին հանել են ԵԽԽՎ֊ի հայաստանյան պատվիրակության կազմից՝ Ստրասբուրգում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին տրված՝ կազինոյում գումարներ վատնելու մասին հարցից հետո։