Home / Տեսանյութեր / Դատարանը Հյուսիսային պողոտայի բնակիչներին տները լքելու համար 2 ամիս է տվել

Դատարանը Հյուսիսային պողոտայի բնակիչներին տները լքելու համար 2 ամիս է տվել

«Լոքալ դեվելոփերս» ընկերությունը, որը դատական հայցով պահանջում է Հյուսիսային պողոտայի հարևանությամբ գտնվող Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներին լքել իրենց բնարականները, հրաժարվել է մասնակցել խնդրի շուրջ բնակիչների հետ հանրային քննարկմանը: «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբի քննարկման հրավերը մերժելով՝ ընկերությունից պատճառաբանել են, որ հարցը գտնվում է դատարանում՝ «խոսելու ժամանակն անցել է»:

Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանն ասել է, որ իրենք համաձայն են ընկերության սեփականատեր  Մայրապետյանի հետ՝ խոսելու ժամանակը, իրոք, անցել է:

«Մենք ընդամենը ուզում ենք իրենց երեսին՝ լրատվամիջոցների առջև ասել այն, ինչ կա: Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ նրանք խուսափում են հրապարակայնորեն խոսելուց»,- ասել է Գերավետյանը:

«Լոքալ դեվելոփերս» ընկերությունը, ում օգտնին կառավարության որոշմամբ օտարվել են նշված շենքերի տարածքները՝ ճանաչվելով հանրային գերակա շահ, դատական գործերից երեքն արդեն շահել է։ Դատարանները որոշում են կայացրել պարտավորեցնել երեք սեփականատերերի երկամսյա ժամկետում լքել իրենց բնակարանները՝ մերժելով բնակիչների հակընդդեմ հայցերը, որոնցով վերջիններս պահանջում էին ճանաչել իրենց սեփականության իրավունքը: Բնակիչները համաձայն չեն ընկերության կողմից առաջարկվող փոխհատուցման չափի հետ։ Մասնավորապես, Գերավետյանն ավելի վաղ ԶԼՄ֊ների հետ զրույցում ասել էր, որ Երևանի կենտրոնում գտնվող իր բնակարանի համար (81 քմ) առաջարկել են ընդամենը 35 միլիոն դրամ (72 հազար ԱՄՆ դոլար), ինչը շուկայական գնից ցածր է։

«Զուգահեռ եղել է նաև միջնորդություն, որ սեփականության վրա արգելանք դրվի: Փաստորեն, մի քանի ամիս է՝ մենք չենք կարող վաճառել մեր բնակարանները, կարող ենք վաճառել միայն «Լոքալ դեվելոփերս» ընկերությանը»,- ասել է Գերավետյանը:

Պուշկինի 40 հասցեում գտնվող տան բնակիչ Ալֆրեդ Կզարթմյանն ասել է, որ կատարվել է ոչ միայն սեփականության իրավունքի խախտում, այլև չի գնահատվել իրեն պատկանող 180 քմ հողատարածքը, այս առթիվ սկսվել է քրեական գործ:

«Մեծ դժվարությամբ՝ մի ամիս առաջ, ես վերջապես ճանաչվեցի տուժող: Մայրապետյանի հովհանավորն է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Արմենչիկը՝ Արմեն Գևորգյանը (նախկին փոխվարչապետ ֊ խմբ․): Սա այդ հանցագործ կլանն է։ Փորձաքննության ազգային բյուրոն գնահատել է իմ տունը միայն 300 հազար ԱՄՆ դոլար, իսկ Մայրապետյանն ինձ առաջարկում է միայն 200 հազար ԱՄՆ դոլար տան ու հողատարածքի համար։»,- ասել է Կզարթմյանը: